Էլեկտրոնային ծխախոտների տարածվածությունը ծխողների թվի նվազեցման է հանգեցնում. հետազոտություն

11:58   28 հուլիսի, 2017

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ԱՄՆ-ում մեծահասակ բնակչության շրջանում էլեկտրոնային ծխախոտներից օգտվողների թվի աճն ուղեկցվում է ծխելուց հրաժարվող կամ հրաժարված մարդկանց թվի նկատելի աճով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Ստացած արդյունքների համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտների անցած մարդիկ ծխելուց հրաժարվելու ավելի շատ փորձեր են կատարել, քան նրանք, որոնք էլեկտրոնային ծխախոտից չեն օգտվել (65 տոկոսն ընդդեմ 40 տոկոսի), եւ նրանց ավելի հաճախ է հաջողվել ծխախոտից հրաժարվել:

Հետազոտողները պնդում են, որ իրենց տվյալները հիմնվում են էլեկտրոնային ծխախոտների հետեւորդների շարքերում ներկայումս ամենախոշոր եւ ներկայացուցչական ընտրության վրա: Սրա հետ կապված նրանք ստացած արդյունքները «ծանրակշիռ հիմնավորում» են համարում այն հայտարարությունների համար, որ էլեկտրոնային ծխախոտն օգնում է թութուն ծխողների թվի նվազեցմանը:

Գործակալությունը, սակայն, շեշտել է, որ այսօրվա դրությամբ համաշխարհային գիտական հանրույթում էլեկտրոնային ծխախոտների վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա: Ոմանք կարծում են, որ այն իսկապես օգնում է թութունից հրաժարվելուն, մինչդեռ ոմանք էլ համոզված են, որ էլեկտրոնային ծխախոտները երիտասարդներին դրդում են սովորական ծխախոտ ծխել:



© NEWS.am Medicine