Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

10:47   28 հուլիսի, 2017

Ամեն տարի հուլիսի 28-ին բազմաթիվ երկրներում նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս ամսաթիվն ընտրվել է ամերիկացի բժիշկ Բարուհ Սամյուել Բլումբերգի ծննդյան օրվա առիթով: Նա Նոբելյան մրցանակի դափնեկիր է, բացահայտել է հեպատիտ B-ի վիրուսը:

Հեպատիտի վիրուսներն առողջապահական համակարգի լրջագույն խնդիրներից են: ԱՀԿ-ի տվյալներով՝ հեպատիտն ախտահարել է շուրջ 2 միլիարդ մարդու, այսինքն՝ երկրագնդի յուրաքանչյուր երրորդ բնակչին: Որոշ երկրներում վիրուսային A հեպատիտով հիվանդացել է բնակչության մեծ մասը, իսկ բնակչության տասներորդ մասը B եւ C հեպատիտի վիրուսակիր են:

Հեպատիտ են կոչում լյարդի հյուսվածքների բորբոքումը: Բորբոքում է առաջացնում վիրուսը, որը կարողանում է բազմանալ լյարդի բջիջներում: Հեպատիտները, որոնք առաջանում են տարբեր վիրուսներով, տարբեր կերպ են փոխանցվում, սակայն բոլորը կարող են լյարդի սուր եւ քրոնիկական բորբոքում առաջացնել, որը երբեմն հանգեցում է ցիրոզի եւ քաղցկեղի: Իսկ հեպատիտ E-ն կարող է հղի կանանց 20%-ի մահվան հանգեցնել:

Հեպատիտից պաշտպանվել երկու միջոց կա: Նախ՝ հարկավոր է ձգտել խուսափել վարակվելուց. հետեւել հիգիենային (դա կարեւոր է А եւ Е վիրուսներից խուսափելու համար), զգույշ լինել արյան փոխներարկման եւ սեռական կոնտակտի ժամանակ (դա կօգնի պաշտպանվել В եւ С վիրուսներից): Երկրորդ՝ կարելի է պատվաստվել: Որպես կանոն՝ պատվաստանյութը հուսալիորեն պաշտպանում է А եւ В վիրուսներից:



© NEWS.am Medicine