Ե՞րբ պետք է ամենակալորիական սնունդն ուտել

10:50   29 հուլիսի, 2017

Օրվա ընթացքում ընդունած սննդից ամենակալորիականը պետք է լինի նախաճաշը: Նման կարծիք են հայտնել Լոմա Լինդի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ ցերեկային սննդակարգը պետք է այսպիսին լինի. նախաճաշը պետք է ամենակալորիականը լինի, ճաշն ավելի քիչ կալորիաներ պարունակի, իսկ ընթրիքն առավելագույնս թեթեւ լինի:

Սնվելու այս սկզբունքը, հետազոտության հեղինակների կարծիքով, ամենանպաստավորն է առողջությունն ու կայուն քաշը պահպանելու համար: Ամերիկացի մասնագետների եզրահանգումը հիմնված է 50.000 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտության վրա: Նրանք ուսումնասիրել են կամավորների ցերեկային սննդակարգի կալորիականությունը եւ համոզվել, որ փորձի այն մասնակիցները, որոնք կալորիաների հիմնական չափաբաժինը ստացել են նախաճաշին, ավելի ձիգ կազմվածք եւ սննդում առողջ սովորույթներ են ունեցել:

«Կալորիական նախաճաշը նվազեցնում է օրվա ընթացքում սնվելու ցանկությունը, արդյունքում մարդը հրաժարվում է, ասենք, արագ սննդից: Բացի այդ՝ կանոնավորապես լավ նախաճաշելով՝ արյան մեջ ճարպերի պարունակությունը նվազում, բարելավվում է ինսուլինի հանդեպ զգայնությունը»,- ասել են գիտնականները:

Նախկինում որոշ գիտնականներ հայտարարել էին, որ նախաճաշի օգուտի մասին պնդումներն այնքան էլ միանշանակ չեն՝ նշելով, որ առնվազն նյութափոխանակության եւ ինքնազգացողության բարելավման հետ այն կապ չունի:



© NEWS.am Medicine