5 հետաքրքիր փաստ ամորձիների քաղցկեղի մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ

16:00   30 հուլիսի, 2017

Քչերն են մտածում այնպիսի հիվանդության մասին, ինչպիսին քաղցկեղն է, եւ քչերն են գիտակցաբար դրա մասին տեղեկություններ որոնում՝ ցանկանալով ավելին իմանալ: Այսուհանդերձ, գիտելիքները ուժ են, պնդում են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները: Գրագետ տեղեկացվածության շնորհիվ տղամարդիկ կիմանան երբ է անհրաժեշտ բժշկի դիմել, իսկ հիվանդության վաղ ախտորոշումը կմեծացնի հաջող բուժման հնարավորությունները:

Ներկայացնում ենք 5 փաստ, որոնց մասին, քլիվլենդյան մասնագետների կարծիքով, պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ.

1. Ամորիձիների քաղցկեղը բուժելի է

Քաղցկեղն, իհարկե, ծանր ախտորոշում է, սակայն լավ նորությունն այն է, որ ամորձիների քաղցկեղը 95 տոկոս դեպքերում բուժելի է: Իսկ եթե այն բավականին վաղ են հայտնաբերել, 98 տոկոսը հիվանդությունը հաջողությամբ է հաղթահարում: Ամորձիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 263-ից 1-ն է, իսկ դրա հետեւանքով մահանալու հավանականությունը՝ 5 հազարից մեկը:

2. Վաղ հայտնաբերումը շատ կարեւոր է

Եթե սեմինոման հայտնաբերվել է 1-ին փուլում, եւ եթե ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ու բուժումը ժամանակին է սկսվել, բուժվելու հավանականությունը 100 տոկոսին մոտ է: Սակայն ամորձիների քաղցկեղը հնարավոր է բուժել նաեւ մետաստազներ տալու դեպքում՝ քիմիաթերապիայի եւ վիրաբուժության համադրության կիրառմամբ:

3. 15-35 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ ինքնուրույն զննում կատարել

Երիտասարդ տղամարդկանց խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ ինքնուրուն ամորձիների զննում կատարել: Դա ավելի հեշտ է լոգարանում անել. այնտեղ կարելի է հեշտորեն նկատել, եթե ամորձապարկի մաշկի հետ ինչ-որ բան այնպես չէ, եւ եթե դրա մեջ ուռուցքներ կամ ելունդներ են հայտնվել: Ամորձապարկում նկատած ցանկացած փոփոխության դեպքում խորհուրդ է տրվում բժշկի դիմել: Դրանից բացի, բժշկի հետ հարկ է խորհրդակցել նաեւ այն դեպքում, եթե ամորձապարկում ցավեր կամ անհարմարավետություն եք զգում, որը նախկինում չի եղել:

4. Ամորձիների քաղցկեղով շատ տղամարդիկ կարող են երեխաներ ունենալ

Բավականին հաճախ քաղցկեղային ուռուցքով ախտահարված ամորձիները ստիպված են հեռացնել: Սակայն միայն 1-2 տոկոս դեպքերում են բժիշկները ստիպված հեռացնել 2 ամորձիներն էլ: Հիվանդների 98 տոկոսի մոտ երկրորդ ամորձին միանգամայն առողջ է լինում, եւ այն բավարար քանակությամբ սերմնաբջիջներ ու տեստոստերոն է արտադրում, այնպես որ՝ բուժվելուց հետո հիվանդներից շատերը կարող են հայր դառնալ:

5. Ամորձիների քաղցկեղի ռեցիդիվի հավանականությունը չափազանց ցածր է

Հաջող բուժումից հետո քաղցկեղը կարող է վերադառնալ առաջիկա 2 տարիների ընթացքում: Եթե այս ժամանակահատվածում հիվանդությունը չի կրկնվում, հավանականությունը, որ այն ավելի ուշ կվերադառնա մոտ 1 տոկոս է: Ամեն դեպքում, նույնիսկ հաջողությամբ բուժվելուց հետո խորհուրդ է տրվում բժշկի հետ կապը պահպանել եւ պարբերաբար հետազոտվել:



© NEWS.am Medicine