Ծխելը կարող է տագնապ եւ պարանոյա առաջացնել

19:49   1 օգոստոսի, 2017

Ծխելը կարող է տագնապ, վախեր եւ պարանոյա առաջացնել, քանի որ ծխախոտի ծուխը խախտում է անհիմն վախերը ճնշելու՝ ուղեղի ունակությունը: Այս մասին հայտնել են University Medical Centre in Hamburg-Eppendorf-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ ծխախոտի ծուխը խախտում է վախ առաջացնող հիշողությունները ճնշելու՝ ուղեղի ունակությունը: Արդյունքում մարդը տրավմատիկ ապրումներից հետո տագնապի իրավիճակները հաղթահարելու ավելի քիչ հնարավորություններ է ունենում: Դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ այն մարդկանց համար, որոնց աշխատանքի առանձնահատկությունը մեծացնում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների առաջացման վտանգը, օրինակ՝ զինծառայողների:

Զինծառայողների շուրջ 33%-ը ծխում է, եւ նրանցից շատերը ծանր սթրեսի են բախվում: Հետազոտության հեղինակները կարծում են, որ ծխախոտում առկա քիմիական բաղադրիչները խախտում են ուղեղի նեյրոնների միջեւ ազդակների փոխանցումը, որոնք կապված են վախը ճնշելու գործընթացի հետ:

Գիտնականները ենթադրում են, որ ծխելուց հրաժարվելն ուժեղ սթրես ապրած մարդկանց կօգնի հաղթահարել իրենց ապրումները: Ավելին, ծխելուց հրաժարվելը, ըստ մասնագետների, կարող է բարելավել հոգեբանական օգնության արդյունավետությունը եւ նույնիսկ կանխել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը:

Ըստ գիտնականների՝ իշխանությունները պետք է ավելի անեն՝ բանակում, հրշեջների եւ ոստիկանության սպաների շրջանում ծխելու դեմ պայքարելու համար. այս մասնագիտությունների տեր մարդիկ ամենաշատն են բախվում տագնապի եւ սթրեսային իրավիճակների հետ:



© NEWS.am Medicine