Պարօդոնտոզը կարող է քաղցկեղի պատճա՞ռ դառնալ

21:35   2 օգոստոսի, 2017

Պարօդոնտոզն ու պարօդոնտիտը կարող են հանգեցնել տարբեր տեսակի քաղցկեղի առաջացման, պարզել են ամերիկացի գիտնականները: Ընդ որում՝ ռիսկի խմբում են հետդաշտանադադարի փուլում գտնվող կանայք, եթե նույնիսկ նրանք չեն ծխում: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Cancer Epidemiology ամսագրում:

Տարբեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ատամները շրջապատող (պարօդոնտ) փափուկ հյուսվածքների հիվանդությունները կարող են քաղցկեղի տարբեր տեսակների պատճառ դառնալ, օրինակ՝ կերակրափողի, բերանի խոռոչի եւ կրծքագեղձի: Սակայն հայտնի չէր, թե պարօդոնտիտն ինչ կապ ունի չարորակ նորագոյացությունների հետ:

Գիտնականները 1999-2003 թվականներին վերլուծել են 54-86 տարեկան ավելի քան 65 հազար կանանց պարօդոնտի վիճակի մասին տվյալները: Մասնագետները նաեւ գնահատել են, թե հետազոտության մասնակիցների մոտ մինչեւ 2013 թվականը որքան հաճախ է քաղցկեղ առաջացել: Չարորակ ուռուցքներով հիվանդանալու ավելի քան 7 հազար դեպք է արձանագրվել:

Պարզվում է, որ պարօդոնտոզն ու պարօդոնտիտն առնվազն 14%-ով մեծացնում են տարբեր տեսակի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է երեք անգամ, իսկ ծխելը նպաստում է թոքերի, լեղապարկի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը: Չծխող կանայք հաճախ հիվանդանում են մելանոմայով:

Պարօդոնտիտ են անվանում պարօդոնտի բորբոքային հիվանդությունը, որի դեպքում ատամները շրջապատող հյուսվածքները քայքայվում են: 



© NEWS.am Medicine