Թոքերի քաղցկեղի բուժման հարցում ամենակարեւորը վաղ ախտորոշումն է. ավստրիացի մասնագետ

13:05   3 օգոստոսի, 2017

Թոքերի քաղցկեղի հաջող բուժման համար չափազանց կարեւոր է, որպեսզի հիվանդությունը ժամանակին ախտորոշվի. այդ դեպքում հիվանդների շուրջ 90%-ը կարող է բուժվելու հույս ունենալ, սակայն ուշ հայտնաբերված ուռուցքների դեպքում 5 տարի ապրելու հավանականությունը չի հասնում նույնիսկ 10%-ի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ավստրիայի University Hospital of Salzburg-ից օնկովիրաբույժ Յորգ Հուտերը: Բժիշկը մասնակցել է «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով գիտաժողովին՝ Ոռուցքաբանության ազգային կենտրոնում։

Մասնագետը հիշեցրեց, որ թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված օնկոհիվանդություններից է. Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության տվյալներով՝ ամեն տարի աշխարհում թոքերի քաղցկեղի շուրջ մեկ միլիոն նոր դեպք է հայտնաբերվում: Հայաստանում ամեն տարի թոքերի քաղցկեղի 1350-1500 նոր դեպք է գրանցվում: Քաղցեղի այս տեսակից մահացության մակարդակը նույնպես առաջին հորիզոնականներում է. օնկոհիվանդների 60%-ը մահանում է հենց այս հիվանդության հետեւանքով:

Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու դեպքում վիրահատական միջամտության, քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի համադրությունը կարող է լավ արդյունքներ տալ: Բայց թեթե հիվանդությունը հայտնաբերվել է ուշ փուլերում, վիրահատական միջամտությունն այլեւս անհնար է, իսկ բուժման մնացյալ մեթոդները, որպես կանոն, քիչ արդյունավետ են:

Հիմնական խնդիրն այն է, որ բազմաթիվ դեպքերում թոքերի քաղցկեղը բավական ուշ է ախտորոշվում, քանի որ վաղ փուլերում հիվանդությունը, որպես կանոն, ոչ մի ձեւով չի արտահայտվում: Հայաստանում, մասնագետի խոսքով, հիվանդությունը հաճախ ուշ փուլերում է ախտորոշվում, քանի որ քչերն են առանց որեւէ ախտանշանի պրոֆիլակտիկ հետազոտություն անցնում: Եթե նույնիսկ նման ախտանշաններ ի հայտ են գալիս, ոչ բոլոր հիվանդներն են անմիջապես բժշկի դիմում. շատերը կարծում են, որ դրանք կանցնեն:

«Եթե հիվանդի թոքերում ոչ մեծ գոյացություն կա, նա ո՛չ ցավ կզգա, ո՛չ այլ ախտանշան: Հազ եւ ցավեր, ամենայն հավանականությամբ, կլինեն ավելի ուշ, երբ հիվանդությունը կտարածվի: Նույնիսկ երկու սանտիմետրանոց ուռուցքը, որը ոչ մի նշան ցույց չի տալիս, կարող է մետաստազներ առաջացնել»,- նշեց մասնագետը:

Քանի որ թոքերի քաղցկեղի գլխավոր գործոններից մեկը ծխելն է, բոլոր ծխողներին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ թոքերի ռենտգեն հետազոտություն անցնել (ավելի լավ է՝ համակարգչային տոմոգրաֆիա): Ախտանշանների բացակայության պարագայում այս հետազոտությունները հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու միակ հնարավորությունն են:

Իսկ թոքերի քաղցկեղը կանխելու համար, ըստ մասնագետի, առաջին հերթին հարկավոր է թողնել ծխելը:



© NEWS.am Medicine