23:48 3 օգոստոսի, 2017Անորոշելի վիրուսային ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է ՄԻԱՎ վարակի փոխանցմանը դիսկորդանտային զույգերում (այն զույգերը, որոնց մոտ ՄԻԱՎ ունի զուգընկերներից միայն մեկը)։ Այս մասին հայտնում է Opposites Attract նոր հետազոտությունը, որի արդյունքները ներկայացվել են Փարիզում ՄԻԱՎ-ին նվիրված 9-րդ Միջազգային գիտաժողովի (IAS 2017) ժամանակ։
Հետազոտությանը մանսակցել են ՄԻԱՎ տարբեր կարգավիճակներով 343 զույգեր՝ Ավստրալիայից, Բանգկոկից ու Ռիո դե Ժանեյրոյից։ ՄԻԱՎ դրական զուգընկերը բուժում է ստացել ու հասել վիրուսային ծանրաբեռնվածության նվազմանը մինչեւ անորոշելի մակարդակ, որից հետո զույգն այլեւս չի օգտագործել պահպանակ։ Ընդամենը հետազոտության շրջանակում եղել է անալ սեքսի ավելի քան 16 800 ակտ առանց պահպանակի գործածման։
Հետազոտության շրջանակում ՄԻԱՎ դրական մասնակիցների 98 տոկոսը՝ հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ հասել է անորոշելի վիրուսային ծանրաբեռնվածության։ Նրանցից ոչ մեկը հետազոտության ընթացքում ՄԻԱՎ վարակը չի փոխանցել առողջ զուգընկերոջը։
Հետազոտության ընթացքում ընդամենը երեք տղամարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, բայց գենետիկ անալիզը ցույց է տվել, որ նրանք վարակվել են ոչ թե իրենց հիմնական զուգընկերոջից, այլ մեկ ուրիշից, ում մոտ , ըստ երեւույթին, վիրուսային բարձր ծանրաբեռնվածություն է եղել։
Ուշագրավ է, որ վիրուսային անորոշելի ծանրաբեռնվածության դեպքում ՄԻԱՎ դրական մասնակիցները վիրուսը չէին փոխանցում իրենց զուգընկերներին նույնիսկ սեռական ճանապարհով փոխանցվող այլ ինֆեկցիաների առկայության դեպքում։ Նշենք, որ հետազոտության ընթացքում մասնակիցների 17․5 տոկոսը տարբեր սեռական վարակներով են հիվանդացել։
Հետազոտության շրջանակում ՄԻԱՎ դրական զուգընկերների 1․7 տոկոսը չի կարողացել հակառետրովիրուսային թերապիայի առաջին կես տարվա ընթացքում հասնել վիրուսային անորոշելի ծանրաբեռնվածության։ Բայց ՄԻԱՎ-ի փոխանցում չի եղել նաեւ այդ զույգերի մոտ, քանի որ նրանք օգտագործել են պահպանակ, որպեսզի խուսափեն վարակի փոխանցմանը մինչեւ վիրուսային ծանրաբեռնվածության նվազումը։
Opposites Attract հետազոտության տվյալները հաստատել են PARTNER հետազոտության արդյունքները, որին մասնակցել են 1166 դիսկորդանտային նույնասեռական ու հետերոսեքսուալ զույգեր, որոնք սեքսով էին զբաղվում առանց պահպանակի։ ՄԻԱՎ դրական զուգընկերը հակառետրովիրուսային թերապիա էր ստանում ու հասել է վիրուսային անորոշելի ծանրաբեռնվածության։
Ընդհանուր առմամբ, երկու հետազոտություններում գրանցվել է առանց պահպանակի գործածման անալ սեքսի մոտ 40 000 ակտ, ու ոչ մի դեպքում ՄԻԱՎ դրական զուգընկերոջից ինֆեկցիան չի փոխանցվել առողջ զուգընկերոջը։