Միայնությունն ամենամեծ վտանգն է մարդու համար

11:47   7 օգոստոսի, 2017

Միայնությունն ու սոցիալական մեկուսացումն ավելի մեծ սպառնալիք են մարդու համար, քան ճարպակալումը, պնդում են ԱՄՆ-ի Յանգի համալսարանի հոգեբանները: Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի 125-րդ ամենամյա հանդիպման ժամանակ գիտնականները հաղորդել են, որ բնակչության վրա այս գործոնների ազդեցությունը տարեցտարի աճում է եւ կարող է ազգային խնդիր դառնալ:

Loneliness Study հետազոտության տվյալներով, որն անցկացրել է AARP կազմակերպությունը, 45 տարեկանն անց 42.6 մլն մեծահասակ ամերիկացիներ տառապում են քրոնիկական միայնությունից: 2014 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ բնակչության ավելի քան մեկ քառորդը միայնակ է ապրում, իսկ քաղաքացիների կեսից ավելին ամուսնացած չէ:

Գիտնականները երկու վերլուծություն են արել, որոնցից յուրաքանչյուրում ի մի են բերել տասնյակ հետազոտությունների արդյունքներ: Առաջինում 148 գիտական աշխատանք է մշակվել, որոնց, ընդհանուր առմամբ, 300 հազար կամավոր է մասնակցել: Պարզվել է, որ ամուր սոցիալական կապերը 50%-ով նվազեցնում են վաղաժամ մահվան վտանգը:

Երկրորդ վերլուծության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 700 հետազոտության արդյունքներ, որոնց Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից եւ Ավստրալիայից 3.4 մլն մարդ է մասնակցել: Գիտնականների եզրահանգումների համաձայն՝ սոցիալական մեկուսացումը կամ միայնությունը վաղաժամ մահվան վտանգը մեծացնում են ավելի, քան այլ գործոններ, օրինակ՝ ճարպակալումը:

Մասնագետները կարծում են, որ առողջապահական համակարգը պետք է հաշվի առնի բնակչության առողջության վրա սոցիալական կապերի ազդեցությունը: Հարկավոր է նաեւ հանգստի բազաներ եւ զբոսայգիներ կառուցել, որտեղ թոշակառուները, որոնք առավել խոցելի են միայնության առջեւ, կարող են շփվել մարդկանց հետ:



© NEWS.am Medicine