Օրական 20 ժամ քնող աղջիկն իրեն Քնած գեղեցկուհի է համարում (ֆոտո)

21:53   7 օգոստոսի, 2017

Բժշկության մեջ Քլեյն- Լեւինի համախտանիշ անվանումով հայտնի հազվագյուտ նեւրոլոգիական խանգարման հետեւանքով Ջեյդ Ֆրեյզերը, ամերիկյան Քենթուկի նահանգում բնակվող 11-ամյա աղջիկը, օրվա մեծ մասը քնում է։ Բժիշկները նրա ծնողներին հայտնել են, որ այդ համախտանիշը անբուժելի է ։

Աղջիկն իրեն համարում է հայտնի հեքիաթի հերոսուհի՝ Քնած գեղեցկուհի, քանի որ օրական առնվազն 16 ժամ քնում է։ Այդ հազվագյուտ խանգարումը հիվանդների մոտ առաջացնում է գերհոգնածություն ու ստիպում նրանց անընդհատ քնել օրվա ընթացքում։ Ջեյդն ամբողջ կյանքում ստիպված է լինելու աչքերի տակ սեւ շրջաններ ունենալ, քանի որ օրական 4 անգամ քնում է։ Եթե աղջկան թույլ չտան քնել, նա կընկնի կոմա հիշեցնող վիճակի մեջ։

Անցած Սուրբ ծննդյան օրը, երբ միլիոնավոր այլ երեխաներ ուրախանում էին ու արթուն էին մնացել ամբողջ գիշեր, Ջեյդը 20 ժամ քնել էր։ Նա քնած էր նույնիսկ այն պահին, երբ երեխաները նվերներն էին բացում։ Համախտանիշը հազվագյուտ ու համալիր նեւրոլոգիական խանգարում է, որի պատճառները հայտնի չեն։ Այն բնութագրվում է էքստրեմալ քնկոտության , վարքագծային խանգարումների ու ցածր աշխարհընկալման կրկնվող ժամանակաշրջաններով։ Յուրաքանչյուր դրվագի սկսվելու պահին հիվանդը դառնում է քնկոտ ու վատ է արձագանքում արտաքին խթաններին։Քլեյն Լեւինի համաշխատանիշի որոշ զոհեր քնում են օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ, եւ արթնանում են միայն սնվելու ու լողանալու համար։ Ոմանք կարող են քնել օրական 20 ժամ, ինչպես Ջեյդի դեպքում։

Նրա մայրը պատմում է, որ դուստրը ամենուրեք քնով է անցնում, ընդ որում Ջեյդը չի կարող որեւէ ստիմուլյատոր (խթանիչ) ընդունել, քանի որ այդ համախտանիշն առաջացնում է հիպերակտիվություն ու իռացիոնալ վարքագիծ։ Իսկ ստիմուլյատորներն ավելի են ուժեղացում այդ ախտանիշները։ Համախտանիշն արդեն բացասաբար է ազդել երեխայի հոգեբանական զարգացման ու նույնիսկ խոսքի վրա։

 



© NEWS.am Medicine