Երկու բժշկի թշնամանք կամ ինչպես եղավ, որ երկու նորածին նույն օրն արյան վարակ ստացան

12:18   8 օգոստոսի, 2017

Առողջապահության նախարարությունում ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ հուլիսի 10-ին վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում 2 ժամվա տարբերությամբ ծնված երեխաների հարազատների հայտարարությունն ուսումնասիրելու համար: Ըստ ծնողների` փոքրիկները հիվանդանոցում արյան վարակ են ստացել:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նախարարությունից հայտնեցին, որ այս պահին որեւէ բան ասել չեն կարող, քանի որ հանձնաժողովը դեռեւս շարունակում է աշխատանքը:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ամենը հերյուրանք է:

«Երկու բժշկի անձնական փոխհարաբերություն է, նման բան գոյություն չունի, կա ներարգանդային ինֆեկցիա: Երբ երեխան ծնվում է եւ հայտնաբերվում է ինֆեկցիա, դա չի նշանակում, որ կլինիկայից է: Դա անձնական թշնամանք է մեկը մյուսի նկատմամբ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ թշնամության մասին է խոսքը:

Նշենք, որ երեխաները ծնվել են հուլիսի 10-ին կեսարյան հատման միջոցով, ավելի ուշ նրանք տեղափոխվել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Փոքրիկներից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսը դեռ բժիշկների հսկողության ներքո է, վիճակը բավարար է:

«Երեխաները մեզ մոտ տեղափոխվել են սեպսիս ախտորոշմամբ, որը մեզ մոտ հաստատվել է: Սակայն չեմ կարող ասել՝ ինֆեկցիան եղել է ներարգանդային, թե՞ ծննդաբերական»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:

Կատարվածի վերաբերյալ փոքրիկների հարազատներն ավելի մանրամասն չցանկացան խոսել՝ նշելով, որ սպասում են Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը:

 



© NEWS.am Medicine