Դեպրեսիան կարող է ախտորոշվել Instagram-ում լուսանկարների միջոցով

11:52   9 օգոստոսի, 2017

Instagram-ում օգտատերերի հրապարակած լուսանկարների միջոցով կարելի է դեպրեսիա ախտորոշել, պնդում են մասնագետները: Ընդ որում՝ համակարգչին դա ավելի լավ է հաջողվում, քան մարդուն:

Ըստ ivescience.com-ի՝ Վերմոնտի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել՝ փորձելով հասկանալ, թե սոցցանցերում օգտատերերի հրապարակած լուսանկարներն ինչպես կարող են վկայել նրանց հոգեբանական խնդիրների մասին:

Գիտափորձին ավելի քան 160 կամավոր է մասնակցել, որոնք օգտահաշիվ են ունեցել Instagram-ում: Նրանց շուրջ կեսը վերջին երեք տարիներին «դեպրեսիա» ախտորոշում է ունեցել: Շուրջ 44 հազար լուսանկարների վերլուծության ժամանակ հետազոտողները որոշակի օրինաչափություն են հայտնաբերել: Դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ հաճախ են լղոզված պատկերով, մոխրագույն եւ մուգ երանգներով լուսանկարներ հանդիպել:

Դեպրեսիայով տառապող մարդիկ հազվադեպ են լուսանկարների մշակման ֆիլտրեր օգտագործում, բայց երբ անում են դա, հաճախ լուսանկարը սեւ-սպիտակի են վերածում: Իսկ դեպրեսիա չունեցողները հաճախ ֆիլտրերն օգտագործում են՝ լուսանկարներին ավելի վառ գուներանգ հաղորդելու համար: Դեպրեսիայով տառապողների լուսանկարների եւս մեկ առանձնահատկությունն էլ այն է, որ դրանցում սովորաբար ավելի քիչ մարդիկ կան՝ ի տարբերություն առողջ մարդկանց հրապարակած լուսանկարների:

Գիտնականները նաեւ համեմատել են համակարգչի եւ մարդկանց կողմից արված լուսանկարների վերլուծությունը: Համակարգիչը ճիշտ արդյունք է տվել 70% դեպքերում:



© NEWS.am Medicine