«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկները երկրորդ անգամ փրկել են դանակահարված սրտով մարդու

16:47   9 օգոստոսի, 2017

«Աստղիկ» բուժկենտրոնի բժիշկները փրկել են դանակահարված սրտով տղամարդու կյանքը: Միջին տարիքի տղամարդը բուժկենտրոն է տեղափոխվել գիշերը ժամը 02:00-ին, պարանոցի, դեմքի եւ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին հայտնեց, որ վիրավորի մասին տեղեկությունը ստանալուց տասը րոպե անց արդեն հիվանդանոցում էր:

Տղամարդու սիրտը պատռված է եղել, սրտապարկում մեծ քանակությամբ արյուն է կուտակվել: Նման դեպքերում կարեւորն ամեն ինչ արագ հասցնելն է, քանի դեռ սիրտը կանգ չի առել: «Աստղիկ» ԲԿ-ի կարդիովիրաբույժներին դա հաջողվել է: Տղամարդուն դրենաժ են արել, սիրտը կարել են: Վիրավորի գիտակցությունը հիմա տեղն է, նա կարողանում է խոսել:

Սրտի վիրահատությունից բացի՝ պլաստիկ վիրաբույժները նաեւ կարել են տղամարդու ձեռքի, պարանոցի եւ շրթունքի պատռվածքները:

Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ «Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները դանակահարված սրտով մարդու են փրկում: Առաջինը դեղատան երիտասարդ աշխատակից էր, որին բուժկենտրոն էին տեղափոխել փետրվարի 16-ի երեկոյան, աշխատավայրում հարձակման ենթարկվելուց հետո:

Մասնագետների խոսքով՝ նման վիրավորում ունեցող մարդիկ հազվադեպ են ողջ մնում. նրանք կա՛մ մահանում են արյան կորստից, կա՛մ սրտի կաթվածից:

 



© NEWS.am Medicine