Ռոսպոտրեբնադզորը մատնահարդարման սրահներ այցելողներին կոչ է արել ավելի զգոն լինել

16:19   10 օգոստոսի, 2017

Ռոսպոտրեբնադզորը մատնահարդարման սրահներ այցելողներին կոչ է արել ավելի զգոն լինել եւ ընտրել այնպիսի սրահներ, որտեղ հետեւում են սանիտարական կանոններին եւ կանոնավորապես մանրէազերծում ու ախտահանում են գործիքներն ու սարքավորումները: Համապատասխան երաշխավորությունը հրապարակվել է գերատեսչության կայքում:

«Ռոսպոտրեբնադզորը սպառողների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մատնահարդարման ծառայությունները՝ կապված մաշկածածկույթի ամբողջականության վնասվածքի հետ, համաճարակաբանական վտանգ են ներկայացնում բնակչության համար եւ մանրէազերծման ու ախտահանման գործողություններ են պահանջում՝ սանիտական կանոններին համապատասխան: Հեպատիտների, ՄԻԱՎ-վարակների, սնկային հիվանդությունների եւ այլ վարակների տարածումը կանխելու համար մատնահարդարման մասնագետները պետք է իրականացնեն հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համալիրը»,- ասված է հաղորդագրությունում:

Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տալիս այցելել այնպիսի հաստատություններ, որոնք սարքավորումները մաքուր վիճակում են պահում, իսկ մատնահարդարման համար անհրաժեշտ գործիքներն ախտահանում ու հատուկ փաթեթներում են պահում: Ռոսպոտրեբնադզորը նշել է նաեւ, որ յուրաքանչյուր հաճախորդի համար պետք է մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներ օգտագործվեն:



© NEWS.am Medicine