Անքնության պատճառը կարող են մկանները լինել, այլ ոչ թե ուղեղը

23:27   11 օգոստոսի, 2017

Քրոնիկ անքնությունն ու քնի խանգարումները ավանդաբար կապակցում են ուղեղի խնդիրների հետ։ Սակայն գիտնականները առաջին անգամ ենթադրել են, որ այդ բոլոր խանգարումները կարող են բացատրվել մկաններում պարունակվող սպիտակուցներով։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մկաններում որոշակի սպիտակուցի պակասը կարող է ուժեղացնել բացասական ազդեցությունի քնի պակասից։ Այդ հետազոտության արդյունքները հերքում են այն տարածված տեսակետը, որ մարդու ուղեղն է վերահսկում գիշերային հանգստի հետ կապված բոլոր հարցերը ։ Թեքսասի գիտնականները հայտնաբերել են, որ մկների մկաններում BMAL1 կոչվող սպիտակուցի բարձր մակարդակը թույլ է տալիս նրանց ավելի արագ վերականգնվել քնի պակասից հետո։ Երբ գիտնականները հեռացրել են այդ սպիտակուցը մկաններից, դա խախտել է մկների քնի նորմալ գրաֆիկը ու նվազեցրել քիչ քնելուց հետո նրանց վերականգնման ունակությունը ։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ իրենց եզրակացությունները կարող են հիմք դառնալ անքնության ու քնի խանգարումների բուժման նոր մեթոդների համար։ Հայտնի է, որ այդ երկու խանգարումներն էլ զգալիորեն ավելացնում են ճարպակալման, դեպրեսիաների, ինֆարկտների ու ինսուլտների վտանգը։

Ավելի վաղ գիտությունն ապացուցել է, որ մարդու ներսում կա հատուկ ժամացույց, որը վերահսկում է ցիրկադային ռիթմերը, որոնք որոշում են քնի ու արթուն մնալու ցիկլերի հերթագայությունը։ Այդ ժամացույցը կազմված է ուղեղի հիպոտալամուսում գտնվող հատուկ գոտու նյարդային բջիջների խմբից։ Բայց հիմա հետազոտողները ենթադրել են, որ ցիրկադային ռիթմերի BMAL1 սպիտակուցը մկաններում կանոնակարգում է քնի որակն ու տեւողությունը։ Ընդ որում դրա մակարդակը կարեւոր է հենց մկաններում, քանի որ ուղեղում տվյալ սպիտակուցի առկայությունը կամ բացակայությունը գրեթե ոչ մի ազդեցություն չի ունենում անքուն գիշերվանից հետո վերականգնման վրա։

 Գիտնականները վստահեցնում են, որ ստացված տեղեկությունների հիման վրա անքնության ու քնի խանգարումների նոր մեթոդների մշակումը հատկապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ում մասնագիտությունը պահանջում է քնի ռեժիմի մշտական փոփոխություն՝ օրինակ օդաչուների կամ զինծառայողների համար։



© NEWS.am Medicine