Հայուհի բժիշկը ԱՄՆ-ում սեռափոխության ուսուցման առաջին բժշկական դպրոցի առաջին օրդինատորն է

17:50   14 օգոստոսի, 2017

Առաջին բժշկական դպրոցը, որը նախատեսված է վիրաբուժական ճանապարհով սեռափոխության ուսուցման համար, ԱՄՆ-ում բացվել է Նյու Յորքի ամենահայտնի հոսպիտալներից մեկում՝ Mount Sinai-ում: Կլինիկան բացելու անհրաժեշտությունը պայմանավորված է սեռը փոխել ցանկացողների թվի կտրուկ աճով:

Տրանսգենդերային բժշկության եւ վիրաբուժության կենտրոնը մեկ տարի առաջ բացվել է Մանհեթենում, եւ այդ ժամանակից սկսած այնտեղ մոտ 350 հիվանդ է վիրահատվել:

Կենտրոնի ղեկավար, բժիշկ Ջես Թինգի խոսքով՝ ամեն շաբաթ իրենց մոտ 4 նոր հիվանդ է ընդունվում: ԱՄՆ-ում տրանսգենդերները բախվում են ոչ այնքան բարձր որակավորում ունեցող վիրաբույժներին, քանի որ բժշկական դպրոցներում համանման վիրահատությունների հետազոտման համար 5 ժամից ոչ ավելի պատրաստություն է հատկացվում: Ըստ որում՝ այդ ժամերի մեջ է մտնում նաեւ նման միջամտությունների հետեւանքով հնարավոր բարդությունների հետազոտումը: Այս դպրոցը բացվել է հատկապես սեռափոխության ոլորտում մասնագետներ պատրաստելիս ժամանակի ակնհայտ պակասը լրացնելու համար:

Բժիշկ Բելլա Ավանեսյանը այս ծրագրի առաջին օրդինատորն է: Նա Mount Sinai կլինիկա է հրավիրվել պլաստիկ վիրաբուժության օրդինատուրան ավարտելուց հետո:

Բժիշկ Թինգի խոսքով՝ մեկ տարի սովորելուց հետո Բելլա Ավանեսյանը որպես բժիշկ շատ պահանջված կլինի, քանի որ այս ոլորտում հատուկ դասընթաց անցած մասնագետներ չկան:

Իր Բելլա Ավանեսյանի խոսքով՝ իր բախտը շատ է բերել, որ բժիշկ Թինգն իրեն հրավիրել է այս դասընթացն անցնելու: «Իմ բախտը շատ է բերել այստեղ լինելու համար»,- ասում է նա:

Դպրոցում ոչ միայն վիրաբույժներ են պատրաստում, այլեւ հոգեբույժներ, որոնք գնահատում են հիվանդների պատճառաբանությունները, եւ հայտնաբերում են նրանց, որոնց սեռափոխության ցանկությունը պայմանավորված է զուտ տրամադրության ժամանակավոր խանգարումներով, նաեւ օգնում են արդեն վիրահատությունից հետո հոգեբանական վերականգնմանը:

2016 թվականին ԱՄՆ տարածքում կատարվել է սեռափոխության ավելի քան 3200 վիրահատություն: Նշվում է մեկ տարի առաջվա համեմատությամբ այնպիսի միջամտությունների թվի 19 տոկոսով աճ, ինչպիսին են հեշտոցի պլաստիկան, ֆալոպլաստիկան, կրծքային վիրաբուժությունը եւ ուրվագծային վիրահատությունները: Չնայած դրան, սպասողների հերթը դեռեւս շատ մեծ է: Այս ոլորտում աշխատող բժիշկները շեշտում են, որ հրապարակվող թվերը չափազանց պահպանողական են, իսկ իրականում հիվանդների թիվը նվազագույնը 3 անգամ մեծ է, քանի որ հիվանդանոցներից շատերում այս վիրահատություններն այլ նշումներով են իրականացվում: Միայն Mount Sinai-ում սպասողներ հերթում 500 հիվանդ կա:



© NEWS.am Medicine