Հայաստանում Կոկսակի վիրուսի առումով ամենաբարենպաստ իրավիճակն է տարածաշրջանում․ փոխնախարար

18:54   15 օգոստոսի, 2017

Հայաստանում Կոկսակի վիրուսի տարածվածությունը՝ հարեւան երկրների համեմատ, չնչին է ։ Այս մասին օգոստոսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Նա նշել է, որ ԱՆ-ն տեղեկություններ ունի թե Թուրքիայում ու Վրաստանում, թե Ադրբեջանում համաճարակաբանական իրավիճակի մասին ու տարածաշրջանի երեք երկրների համեմատ՝ Հայաստանում իրավիճակն ամենաբարենպաստն է։ Վրաստանում, նրա խոսքով, Կոկսակի վիրուսի գրեթե համաճարակ է։

Փոխնախարարը նշեց, որ Կոկսակի վիրուսի կանխարգելման լավագույն միջոցը անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է։

Վարակվելու դեպքում նա խորհուրդ չի տալիս ոչ մի դեպքում զբաղվել ինքնաբուժումով ու հիվանդին տալ դեղամիջոցներ, քանի որ էնտերովիրուսների դեմ դեղամիջոցներ չկան։ Սերգեյ Խաչատրյանը խորհուրդ է տալիս հետեւել, որպեսզի հիվանդի վրա միջանցիկ քամիներ չփչեն ու նա չմրսի, քանի որ էնտերովիրուսների հիմնական բարդացումները թոքային բարդացումներն են։ Նորմալ ընթացքի դեպքում հիվանդությունը պետք է անցնի մեկ շաբաթում։

«Մաքուր ձեռքերը տվյալ հիվանդությանից խուսափելու հիմնական միջոցն է»,- ամփոփեց նա։



© NEWS.am Medicine