Քնելուց առաջ մեկ բաժակ գինին կյանքի տեւողությունը երկարացնում է

23:45   16 օգոստոսի, 2017

Քնելուց առաջ մեկ բաժակ գինին կյանքի տեւողությունը երկարացնում է, պարզվել է Սրտաբանության ամերիկյան քոլեջի (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան) գիտնականների հետազոտությամբ: Ամեն երեկո մեկ-երկու բաժակ գինի խմելը կարող է 25 տոկոսով նվազեցնել կյանքի տեւողությունը կրճատող տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Մասնագետների կարծիքով՝ նրանք, որոնք կանոնավոր չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, նվազեցնում են վաղաժամ մահվան եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Միեւնույն ժամանակ, ինչպես պարզվել է հետազոտությամբ, արլկոհոլի չափից ավելի օգտագործումը չափազանց վտանգավոր է սրտի եւ անոթների համար, ալկոհոլի կանոնավոր չարաշահումը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը:

Հետազոտության հեղինակ Բո Սին համոզված է, որ բոլորին անհրաժեշտ է իմանալ ալկոհոլի օգտագործման օգտակար եւ վնասակար հետեւանքների միջեւ նուրբ սահմանագծի մասին:

Բո Սիի իրականացրած հետազոտություններին 1997-ից 2009 թվականը մասնակցել է 333,247 մարդ:

Գիտնականն ալկոհոլ օգտագործող մարդկանց բաժանել է «քիչ խմողների» (շաբաթական ալկոհոլի 3 չափաբաժնից պակաս), «չափավոր խմողների» (շաբաթական՝ 3-ից մինչեւ 14 չափաբաժին, կանանց դեպքում՝ 3-ից մինչեւ 7), «շատ խմողների» (բոլորը, որոնք այս ծավալները գերազանցում են):

Հետազոտությամբ պարզվել է, որ ի տարբերություն չափավոր խմողների, ալկոհոլը չարաշահող տղամարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը 25 տոկոսով ավելի մեծ է, իսկ քաղցկեղի հետեւանքով մահանալու հավանականությունը նրանց շրջանում կազմել է 67 տոկոս:

Ավստրիայում բժիշկ Մաթիաս Բենեդեկի կատարած համանման հետազոտությամբ հաստատվել է, որ գիշերը գինու մեկ բաժակը կարող է մեծացնել մարդու ստեղծագործական պոտենցիալը:

Նախկինում հաղորդվում էր, որ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ ամեն օր մեկ բաժակ գինին ազատում է Ալցհեյմերի հիվանդությունից եւ ծերունական տկարամտությունից:



© NEWS.am Medicine