Հոտառության թեստը կօգնի Ալցհեյմերի հիվանդության ախտորոշմանը

13:09   18 օգոստոսի, 2017

Նեյրոկենսաբանները հոտառության թեստ են մշակել, որը կօգնի հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանները: Հետազոտողներն այն տեսակետի փորձարարական ստուգում են կատարել, որ հոտառության կորուստը կապված է Ալցհեյմերի հիվանդության առաջացման նախնական փուլի հետ:

Փորձին մասնակցել է 300 մարդ, որոնց միջին տարիքն է եղել 63 տարեկանը: Նրանցից յուրաքանչյուրի ծնողներից գոնե մեկը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ: Մասնակիցներին առաջարկվել է տարբերակել մի քանի հոտերի նմուշներ՝ բենզինի, կիտրոնի եւ մաստակի: Հետազոտողները 100 մարդուց նաեւ ողնուղեղային հեղուկի անալիզ են վերցրել:

Պարզվել է, որ հոտերի տարբերակման առավել արտահայտված դժվարություններ ունեցողների ողնուղեղային հեղուկում Ալցհեյմերի հիվանդության հետ զուգորդվող սպիտակուցների ամենամեծ խտությունն է եղել:

«Չնայած Ալցհեյմերի հիվանդության տարածվածությանը, հիվանդության բուժումը դեռեւս չի հայտնաբերվել: Սակայն եթե մենք կարողանանք ախտանիշների հայտնվելը 5 տարով հետաձգել, դա 2 անգամ դրանց ծանրությունը կկրճատի»,- նշում են հետազոտողները:

Քանի որ հոտառության կորուստը համարվում է Ալցհեյմերի հիվանդության ամենավաղ ախտանիշներից մեկը, ժամանակին հայտնաբերումը թույլ կտա մնացած ախտանիշների երեւան գալը հետաձգել:

 

 

 

 



© NEWS.am Medicine