Ռուսաստանում աշնանը դեղերի թանկացում են կանխատեսել

11:52   18 օգոստոսի, 2017

Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին դեղեր գնելու համար ռուսաստանցի ներմուծողների ծախսերը 11 տոկոսով աճել են: Ըստ որում՝ արտասահմանյան արտադրության դեղամիջոցները բնական համարժեքում սկսել են ներկրվել միայն 4 տոկոսով ավելի շատ: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով Մաքսային դաշնային ծառայության (ՄԴԾ) տվյալները:

Դեղագործական ոլորտի ներկայացուցիչները պարբերականին ասել են, որ արդեն աշնանը դեղատներում գները կարող են 5-20 տոկոսով աճել:

ՄԴԾ տվյաներով՝ Ռուսաստան դեղերի ներմուծումից ամենաշատը վաստակել են եվրոպական երկրները՝ Գերմանիան (801,5 մլն դոլար), Ֆրանսիան (371,5 մլն դոլար), Իտալիան (254,8 մլն դոլար) եւ Մեծ Բրիտանիան (232,9 մլն դոլար): Ըստ շահույթի՝ առաջնորդների հնգյակը եզրափակում է Հնդկաստանը (227 մլն դոլար):

«Դեղատնային գիլդիա» դեղագործական կազմակերպության ղեկավար Ելենա Նեւոլինայի խոսքով՝ արդեն աշնանը մի շարք դեղամիջոցների գինը կարող է աճել: Գնաճն առաջին հերթին կառնչվի, այպես կոչված, սեզոնային դեղերին:

Հասարակական առողջապահության զարգացման ինստիտուտի տնօրեն Յուրի Կրեստինսկին հիշեցրել է, որ կենսականորեն անհրաժեշտ եւ կարեւորագույն դեղամիջոցների գները պետությունն է կարգավորում, ուստի այս կարգում գնային տատանումներ չեն լինի:



© NEWS.am Medicine