Այսօր անհաս երեխաներն ավելի հազվադեպ են մահանում

18:07   18 օգոստոսի, 2017

Այսօր անհաս երեխաներն ավելի հաճախ են ողջ մնում եւ առողջական ավելի քիչ խնդիրներ ունեն, քան 1990-ական թվականներին, պարզել են ֆրանսիացի հետազոտողները: Այս մասին հայտնում է British Medical Journal ամսագիրը:

Ֆրանսիայի Առողջության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի բժիշկները ընդհանրացրել են Epipage 2 հետազոտության արդյունքները, որի ընթացքում հետազոտվել է 2011 թվականին ծնված 5567 անհաս երեխա (հղիության 22-34-շաբաթական): Նրանցից 3599-ի ծնողները բժշկական անկետաներ են լրացրել, երբ երեխաները 2 տարեկան են դարձել:

Պարզվել է, որ 1997 թվականի նախորդ հետազոտության համեմատությամբ (Epipage) 22-31-շաբաթականում ծնված փոքրիկների վերապրելիությունը 6 տոկոսով աճել է, իսկ նեյրոշարժողական եւ զգայական ընկալման խանգարումների բացակայության հետ վերապրելիությունը աճել է 7 տոկոսով: Ցավոք, վերապրելիության առաջընթաց չի գրանցվել ավելի ուշ նորածինների դեպքում (32-34-շաբաթական):

Դրանից բացի, բժիշկները ծնողներին խնդրել են հատուկ հարցաշար լրացնել, որը վերաբերում էր նրանց երեխաների նյարդաբանական զարգացմանը (մասնավորապես՝ շփման եւ շարժողական հմտություններին): Ցուցանիշները, նախկինի նման, չափազանց անմխիթարական էին. 24-26-շաբաթականում ծնվածների 51 տոկոսը եւ 27-31-շաբաթականում ծնվածների 41 տոկոսը զարգացմամբ ետ էին մնում: Գիտնականներն ընդգծում են, որ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում առաջընթացը, հետազոտությունների ավելի կատարելագործված մեթոդները թույլ են տվել մեծացնել անհաս երեխաների ողջ մնալու հավանականությունը, սակայն դեռեւս անկարող են լուծել նրանց զարգացման խնդիրները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան լույս աշխարհ է գալիս մոտ 15 մլն անհաս երեխա: Նրանք առավել ենթակա են մանկական ուղեղային կաթվածին, զարգացման դանդաղմանը եւ առողջական այլ խնդիրների:



© NEWS.am Medicine