Հղիության ընթացքում մսի ոչ չափավոր օգտագործումը կապված է երեխայի մոտ շիզոֆրենիայի առաջացման հավանականության հետ

19:23   23 օգոստոսի, 2017

Հղիության ժամանակ օգտագործվող մսի, պանրի եւ լոբազգիների մեջ պարունակվող սպիտակուցի ավելցուկը կարող է կապված լինել հետագայում երեխայի մոտ շիզոֆրենիայի առաջացման մեծ հավանականության հետ: Նման եզրակացության են եկել Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները:

Նրանք պարզել են, որ հղիների սննդակարգը սովորական ամինաթթուներով ծանրաբեռնելը, որոնք պարունակվում են նաեւ ձկնեղենում, յուղոտ մթերքներում, ընկուզեղենում եւ հատիկաբույսերում, կարող է վտանգավոր հոգեկան հիվանդության ախտանիշներ հրահրել:

Երբ փորձի ժամանակ հղի մկները ստացել են մետիոնինի ավելցուկային քանակություն, նրանց ժառանգներն ավելի ուշ շիզոֆրենիային հատուկ վարք են դրսեւորել: Մետիոնինը անփոխարինելի ամինաթթու է՝ սպիտակուցի «շինարարական բլոկներից» մեկը, որն օգնում է բջիջները կառուցել եւ վերականգնել: Մարդու օրգանիզմն ի վիճակի չէ այս թթուն ինքնուրույն արտադրել, ուստի այն ստանում է սննդամթերքի հետ: Մետիոնինն անհրաժեշտ է հյուսվածքների աճի եւ վերականգնման համար, ինչպես նաեւ լյարդում ու երակներում ճարպի քայքայման համար:

Մետիոնինի պակասը երեխաների մոտ առաջացնում է լյարդի վնասում, մկանային զանգվածի եւ ճարպի կորուստ, թուլություն, քրոնիկական հոգնածություն եւ աճի դանդաղում: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց ստացած տվյալները նոր հակափսիխոտիկ դեղերի մշակման հիմքը կդնեն:

«Մեր հետազոտությունը հաստատում է մարդու առողջության համար մոր սննդակարգի կարեւորության մասին կարծիքը,- ասում են գիտնականները: - Մենք դիտարկումների շատ հետաքրքիր ոլորտի ենք հասել, որը պատրաստվում ենք հետազոտել նաեւ հետագայում»:

Շիզոֆրենիան հոգեկան ծանր քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում հիվանդը ոչ միշտ է ընդունասկ սեփական մտքերն ու գափարներն իրականությունից զանազանել: Շիզոֆրենիայի ախտանիշներն են հալյուցինացիաները, տեսիլքները, նաեւ վարքի փոփոխությունները եւ սեւեռուն մտքերը:



© NEWS.am Medicine