Ասպիրինը պաշտպանում է թրոմբոզներից. գիտնականներ

12:04   29 օգոստոսի, 2017

Ացետիլսալիցիլաթթուն (ասպիրին) ոչ միայն ջրիկացնում է արյունը, այլեւ կարող է կանխարգելել թրոմբոզները: Այս մասին հաղորդել են գերմանական Դյուսելդորֆի համալսարանի մասնագետները:

Սրտաբանների եվրոպական կոնգրեսի ժամանակ գիտնականները պատմել են ացետիլսալիցիլաթթվի նոր օգտակար հատկություն հայտնաբերելու մասին. փոքր չափաբաժնի դեպքում ասպիրինը խոչընդոտում է տրոմբոցիտների կպչելուն, ինչը ոչ միայն թրոմբոզներից պաշտպանություն է ապահովում, այլեւ զգալիորեն ուժեղացնում է դրա հակաբորբոքային ազդեցությունը:

Գերմանացի գիտնականներն օրական 100 մգ չափաբաժնով ասպիրինի երկարատեւ ազդեցությունը ստուգել են կորոնար անբավարարությամբ 402 հիվանդի մոտ (միջին տարիքը՝ 73 տարեկան): Հիմնական եւ հսկիչ խմբերի հիվանդների մոտ հակաբորբոքային գործողությունը ստուգելու համար անալիզի են ենթարկել C ռեակտիվ սպիտակուցի մակարդակը: Ասպիրինի ոչ բավարար ազդեցությամբ հիվանդների մոտ բորբոքային մարկերի ավելի բարձր մակարդակ է նկատվել:

Գիտնականներն ապացուցել են, որ դեղամիջոցի հակաբորբոքային ազդեցության հարցում վճռորոշ դեր ունի տրոմբոցիտների արգելափակման ֆունկցիան:



© NEWS.am Medicine