Հայաստանում հեմոդիալիզի կարիք ունի 850 հիվանդ

14:51   29 օգոստոսի, 2017

Հայաստանում ներկայում շուրջ 850 հիվանդ հեմոդիալիզի կարիք ունի: Մինչեւ 2020 թվականը, կանխատեսումների համաձայն, նրանց թիվը կհասնի 1000-ի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Հեմոդիալիզի յուրաքանչյուր պրոցեդուրայի համար պետությունը 18.100 դրամ է վճարում: Հիվանդներից յուրաքանչյուրը շաբաթական միջինը երեք անգամ հեմոդիալիզ է ստանում:

Հիվանդները հեմոդիալիզ ստանում են կա՛մ Երեւանի հինգ կլինիկաներից մեկում, կա՛մ մարզերում: Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ այսօր հեմոդիալիզ կարելի է ստանալ Հայաստանի բոլոր մարզերում՝ բացառությամբ Կոտայքի, Արագածոտնի եւ Արարատի մարզերի: Սրանք այնքան էլ հեռու չեն մայրաքաղաքից, եւ այդ մարզերում բնակվող հիվանդները Երեւան են գալիս:

Դավիթ Մելիք-Նուբարյանը նաեւ նշեց, որ հեմոդիալիզ ստացող հիվանդների կյանքի տեւողությունը վերջին տարիներին 15-20 տարով երկարում է, այդ պատճառով տարեցտարի հեմոդիալիզի կարիք ունեցողների թիվն ավելանում է: Բայց դա, առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, հաշվի է առնվում բյուջեում, եւ կենսական անհրաժեշտության այդ գործողության համար ֆինանսական միջոցների անբավարարություն չպետք է առաջանա:



© NEWS.am Medicine