Դարչինը կարող է չեզոքացնել յուղոտ սննդի հասցրած վնասը. գիտնականներ

10:40   30 օգոստոսի, 2017
Դարչինը կարող է օգնել չեզոքացնել օրգանիզմին յուղոտ սննդի հասցրած վնասը: Այս մասին նշված է նոր հետազոտությունում, որի արդյունքները ներկայացվել են American heart Association-ի համաժողովի ընթացքում:

Մասնագետները հետազոտություն են անցկացրել առնետների մասնակցությամբ, որի ընթացքում կրծողներին 12 շաբաթ շարունակ յուղոտ մթերքներով են կերակրել: Որոշների ուտելիքին նաեւ դարչին են ավելացրել: Հետազոտությունը ցույց է տվել, որ դարչինը դանդաղեցրել է ճարպի կուտակման պրոցեսը եւ նվազեցրել սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

Դարչին օգտագործած առնետներն ավելի քիչ են կշռել, նրանց արյան մեջ շաքարի, ինսուլինի եւ ճարպերի մակարդակն ավելի քիչ է եղել, քան դարչին չստացած կրծողների մոտ: Նրանց օրգանիզմում նաեւ ավելի շատ հակաօքսիդանտներ եւ հակաբորբոքային մոլեկուլներ են եղել:

Ավելի վաղ անցկացված հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ դարչինն օգտակար է առողջության համար: Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ դարչինը բարելավում է նոր բան սովորելու ունակությունը, ուղեղը պաշտպանում դեմենցիայից եւ Պարկինսոնի հիվանդությունից: Բացի այդ՝ Արիզոնայի համալսարանի մասնագետները պարզել են, որ դարչնի ալդեհիդը (միացություն, որը դարչնին յուրահատուկ համ ու հոտ է տալիս) օգնում է հաղթահարել հաստաղիքի քաղցկեղը:



© NEWS.am Medicine