Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը դեկտեմբերին կներդրվի Հայաստանում

18:00   30 օգոստոսի, 2017

Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը դեկտեմբերին կներդրվի Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Վաղը՝ օգոստոսի 31-ին, հայ բժիշկները եւ միջազգային կազմակերպություններից մասնագետները կհանդիպեն՝ քննարկելու պատվաստանյութի ներդրման բոլոր մանրամասները, դրա հետ կապված գիտական եււ տեխնիկական բոլոր հարցերը:

Ինչպես նշեց ԱՀԿ փորձագետ Պաուլ Բլյումը, մարդու պապիլոմայի վիրուսը եւ դրա հետ կապված արգանդի վզիկի քաղցկեղը գլոբալ խնդիր է. ամեն տարի այս հիվանդության հետեւանքով 250 հազար կին է մահանում: Փորձագետի խոսքով՝ յուրաքանչյուր 32 ժամը մեկ աշխարհում մեկ կին հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով, իսկ 3 օրը մեկ դրա հետեւանքով մեկ կին մահանում է:

Պաուլ Բլյումը նշեց, որ աշխարհի մոտ 70 երկիր արդեն ներդրել է մարդու պապիլոմայի վիրուսի դեմ իմունացման ծրագիրը, եւ լավ է, որ շուտով Հայաստանը նույնպես կմտնի դրանց թվի մեջ: Ավելին՝ GAVI-ի աջակցության շնորհիվ Հայաստանը պատվաստանյութը կգնի շատ ցածր գնով՝ մեկ չափաքանակը կարժենա ընդամենը 4,5 դոլար, մինչդեռ եվրոպական երկրները պատվաստանյութը գնում են մի քանի անգամ բարձր գնով: Քանի որ պատվաստանյութը գոյություն ունի ընդամենը 10 տարուց փոքր-ինչ ավելի, դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե այն որքան արդյունավետորեն է նվազեցնում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացածությունը, նշեց փորձագետը: Սակայն եղած տվյալները վկայում են, որ պատվաստանյութը սեռական օրգանների պապիլոմայով հիվանդացածությունը 90 տոկոսով նվազեցնում է:

Հայաստանում կպատվաստեն 13 տարեկան աղջիկներին: Փորձագետը նշեց, որ եթե աղջիկների 50 տոկոսից ավելին պատվաստվի, սա հավաքական իմունիտետ կապահովի, այդ թվում՝ նաեւ տղաների համար (որոնք նույնպես կարող են մարդու պապիլոմայի վիրուսով վարակվել, եւ որոնց մոտ նույնպես կարող են դրա հեեւանքով ուռուցքային հիվանդություններ զարգանալ: Ինչ վերաբերում է պատվաստանյութի անվտանգությանը, Պաուլ Բլյումի խոսքով, այս թեմայով շատ հետազոտություններ են կատարվել, եւ դրանցից ոչ մեկով ծանր կողմնակի էֆեկտներ չեն հայտնաբերվել: Առավել հաճախ որպես կողմնակի էֆեկտ ցավի զգացողություններ եւ բարձր ջերմություն է եղել:

Պաուլ Բլյումը նշեց, որ պատվաստանյութի ավելի հաջող ներդրման համար անհրաժեշտ է օգտագործել այն ենթակառուցվածքներն ու մեխանիզմները, որոնք արդեն օգտագործվում են այլ պատվաստանյութերի համար: Դրանից բացի, անհրաժեշտ է երեխաների ծնողների եւ ուսուցիչների հետ աշխատել, նրանց բացատրել, թե պատվաստանյութն ինչ օգուտ կարող է տալ եւ դրա հետ կապված ինչ վտանգներ են հնարավոր:



© NEWS.am Medicine