Ինչպե՞ս բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը

12:33   3 սեպտեմբերի, 2017

Հեմոգլոբինը էրիթրոցիտներում սպիտակուցային մոլեկուլ է, որն օրգանիզմում շատ կարեւոր դերակատարում ունի. այն թոքերից թթվածինը տեղափոխում է օրգանիզմի հյուսվածքներ եւ հյուսվածքներից ածխաթթու գազը թոքեր է վերադարձնում:

Արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշները կարելի է պարզել հասարակ անալիզով: Արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշների նորմայից շեղումներ կարող են առաջանալ ոչ ճիշտ սնվելու կամ որոշ լուրջ հիվանդությունների հետեւանքով: Այսպես թե այնպես, եթե հեմոգլոբինի մակարդակը բարձր է կամ ցածր, սա բժշկի դիմելու առիթ է՝ հասկանալու համար նորմայից շեղման պատճառը:

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացման միջոցները կախված են դրա նվազման նախնական պատճառից: Եթե մարդը վնասվածքի հետեւանքով մեծ քանակությամբ արյուն է կորցրել, նա մի բուժման կարիք ունի, եթե սխալ սննդակարգի է հետեւում՝ այլ, իսկ եթե հեմոգլոբինի մակարդակի վրա ազդող հիվանդությամբ է տառապում՝ երրորդ բուժման:

Նշենք, որ հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում խորհուրդ չի տրվում առանց բժշկի հետ խորհրդակցելու երկաթ պարունակող դեղամիջոցներ ընդունել կամ ցանկացած այլ բուժում նախաձեռնել, քանի որ օրգանիզմում երկաթի ավելցուկը կարող է ծանր բարդություններ առաջացնել: Մասնագետները խորհուրդ են տալիս երկաթ պարունակող դեղամիջոցները երեխաներից հեռու պահել, քանի որ դրանցով թունավորումները երեխաների համար կարող են ճակատագրական լինել:



© NEWS.am Medicine