Բժիշկները 20-ամյա կնոջ ստամոքսից 750 գրամ մազ են հեռացրել

10:48   6 սեպտեմբերի, 2017

Հնդկաստանի Մումբայ քաղաքի վիրաբույժները 20-ամյա երիտասարդ այցելուի ստամոքսում ավելի քան 750 գրամ մազ են հայտնաբերել։ Կինը, որի անունը չի նշվում, տառապում էր տրիխոֆագիա կամ Ռապունցելի համախտանիշ կոչվող եզակի  հոգեբանական խանգարմամբ, ինչի հետեւանքով էլ պոկել է ու կուլ տվել մազերը։

Վիրահատությունը կատարվել է Rajawadi Hospital հիվանդանոցում։ Կնոջը հիվանդանոց էին տեղափոխել սրտխառնոցի, ստամոքսի եւ որովայնի այտուցի գանգատներով, նա գունատվել էր, կորցրել ուտելու ցանկությունը եւ սրտխառնոց ունեցել ցանկացած սնունդ ընդունելու ժամանակ։ Ռապունցելի համախտանիշը եզակի հիվանդություն է, որի ժամանակ հիվանդը կուլ է տալիս մազերը, ինչի հետեւանքով ստամոքսում մազերի կծիկ է գոյանում։ Այս խնդիրն իր անվանումը ստացել է ի պատիվ Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթային երկարավարս հերոսուհու՝ Ռապունցելի։ Այն կապված է նաեւ մեկ այլ հայտնի ախտանիշի տրիխոտիլոմանիայի հետ, որով տառապող հիվանդները նույնպես պոկում են մազերը։ Տրիխոֆագիայի դեպքում՝ նրանք նաեւ ուտում են մազերը։ Մարդու աղեստամոքսային համակարգն ի վիճակի չէ մարսել մազերը, եւ նման խնդիրների հետեւանքները կարող են բուժվել միայն վիրահատական միջամտությամբ։

Շատ հաճախ տրիխոֆագիայով տառապող հիվանդներին անհրաժեշտ է ոչ միայն վիրաբույժի, այլեւ հուգեթերապեւտի օգնություն, այլապես նրանք շատ շուտով կարող են կրկին հայտնվել վիրահատական սեղանին։



© NEWS.am Medicine