Զիկա վիրուսը կարող է օգնել ուղեղի քաղցկեղի բուժման հարցում

14:22   6 սեպտեմբերի, 2017

Զիկա վիրուսը, որը ծանր բնածին խնդիրներ է առաջացնում նորածինների մոտ, կարող է ուղեղի քաղցկեղի վտանգավոր տեսակի՝ գլիոբլաստոմայի դեմ պայքարի հուսալի միջոց դառնալ: Washington University School of Medicine in St. Louis-ի եւ University of California San Diego School of Medicine-ի հետազոտողները պնդում են, որ այդ վիրուսը կարող է սպանել գլիոբլաստոմայի ցողունային բջիջները, որոնք կայուն են բուժման տեսակների մեծ մասի հանդեպ:

Գլիոբլաստոմայի ստանդարտ բուժումը շատ ագրեսիվ է. հնարավորության դեպքում ուռուցքը կտրում են, հետո քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի կուրս նշանակում: Բայց նույնիսկ այդ դեպքում 6 ամսվա ընթացքում ուռուցքը, որպես կանոն, նորից է հայտնվում, քանի որ ցողունային բջիջները, որոնցից այն աճում է, չեն ոչնչանում բուժման ընթացքում եւ շարունակում են ակտիվորեն տրոհվել ու բազմանալ:

Գիտնականների խոսքով, եթե հաջողվի Զիկա վիրուսի անվտանգ եւ արդյունավետ շտամեր մշակել, հնարավոր է դրանք ուղղել այդ ցողունային բջիջների դեմ եւ ոչնչացնել դրանք: Այդ դեպքում ուռուցքը բուժումից կարճ ժամանակ անց նորից ի հայտ չի գա:

Իհարկե՝ մի հիվանդությունը մյուսի օգնությամբ բուժելը բավական ռիսկային է: Սակայն մկների մասնակցությամբ (վիրուսը նրանց ուղեղի մեջ են ներարկել) փորձի արդյունքները խոստումնալից են թվում:

Նշենք, որ գլիոբլաստոման ուռուցքի չափազանց ագրեսիվ տեսակ է: Այդ հիվանդությամբ տառապողների մեծ մասը մահանում է ախտորոշումից հետո երկու տարվա ընթացքում:



© NEWS.am Medicine