Հղիության ընթացքում յուղոտ ձկան գործածումը կարող է երեխային պաշտպանել շիզոֆրենիայից

22:02   6 սեպտեմբերի, 2017

Հղիության ընթացքում յուղոտ ձկան գործածումը կարող է ապագա երեխային փրկել շիզոֆրենիայից։ Այս մասին հայտնում են RIKEN Brain Science Institute-ի գիտնականները։

 Մկների վրա իրականացված հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ մոր արգանդում օմեգա-3 ճարպաթթուների պակասը հետագայում դրսեւորվում է երեխաների մոտ հոգեկան խանգարումներով, երբ նրանք մեծանում են։ Օմեգա-3 ճարպաթթուների օգտակարության մասին վաղուց է հայտնի, սակայն սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել դրանց կապը շիզոֆրենիայի հետ։ Ճապոնացի գիտնականները նաեւ հայտնաբերել են նույնատեսակ էֆեկտ հղի մկների շրջանում, որոնք Օմեգա-6 ճարպաթթուների պակաս ունեն։

 Այդ երկու նուտրիենտները փոխում են գեների արտահայտվածության աստիճանը, հետեւաբար հետագայում դրանք հնարավոր է գործածել շիզոֆրենիայի ռիսկի կանխարգելման դեղամիջոցների մշակման համար։ Տվյալ հոգեկան խանգարումը հաճախ է ուղեկցվում հիշողության խանգարումներով ու դեպրեսիայով, որոնք էլ հենց դրսեւորվել են մեծահասակ մկների մոտ, որոնց մայրերը ճարպաթթուների պակաս ունեին։

Հայտնի է, որ շիզոֆրենիայի վաղ փուլում մարդկանց մոտ նկատվում է ուղեղի անոմալ գործունեություն պրեֆրոնտալ կեղեւում, որը գտնվում է ուղեղի առջեւի մասում։ Այն պատասխանատու է հիշողության, բարդ ծրագրման, որոշումների կայացման, իմպուլսիվ հսկողության, մտածողության, անձի զարգացման, ռիսկերի կառավարման ու կարճաժամկետ հիշողության համար։ Հղիության ընթացքում ճարպաթթուների պակասը փոխում էր պտղի մոտ հարյուրավոր գեների արտահայտվածությունը, որոնք կապակցված են օլիգոդենդրոցիտների ՝ ուղեղի այն բջիջների հետ, որոնք շրջապատում են նեյրոնները ու փոխանցում ազդանշաններ։ Հենց դա է հետագայում հանգեցրել շիզոֆրենիայի առաջացման վտանգի աճին։

 



© NEWS.am Medicine