Տրանսկրանիալ մագնիսային խթանումը շիզոֆրենիայով տառապող մարդկանց կարող է ազատել ձայնային հալյուցինացիաներից

18:10   7 սեպտեմբերի, 2017

Տրանսկրանիալ մագնիսային խթանումը հաջողությամբ պայքարում է շիզոֆրենիայով տառապող հիվանդների շրջանում տարածված ձայնային հալյուցինացիաների դեմ։ Նման եզրակացության են հանգել Centre Hospitalier Universitaire de Caen-ի գիտնականները (Ֆրանսիա)։

Հետազոտությանը, որի արդյունքները ներկայացրել են European College of Neuropsychopharmacology համաժողովում, շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ են մասնակցել։ Մասնակիցներին երկու խմբի են բաժանել։ Առաջին խումբն ուղեղի տրանսկրանիալ մագնիսային խթանում է ստացել, իսկ երկրորդը՝ պլացեբո խթանում։ Մասնագետները հատուկ սանդղակ են օգտագործել՝ պացիենտների ձայնային հալյուցինացիների առանձնահատկությունները հայտնաբերելու համար։ Հետազոտողները երկու օրվա ընթացքում մագնիսային խթանման օրական երկու սեանս են անցկացրել։ Խումբը բարձր հաճախականությամբ մագնիսային ազդակներ է ստացել (շուրջ 20 Հերց)։

ՄՌՏ-ն օգտագործելով՝ մասնագետները գտնում էին խթանման թիրախը։ Այն խոսքի համար պատասխանատու ուղեղի քունքային մասի մի հատված է։ Գիտնականները պարզել են, որ գիտափորձի մասնակցիների խմբի անդամների 34․6 տոկոսի համար տրանսկրանիալ մագնիսային խթանումը արդյունավետ է եղել. նրանց մոտ ձայնային հալյուցինացիաները նվազել են։ Վերահսկիչ խմբում պացիենտների 9․1 տոկոսի մոտ դրական դինամիկա է արձանագրվել։

Հիշեցնենք, որ ձայնային հալյուցինացիաները շիզոֆրենիայի ամենատարածված ախտանշաններից են համարվում։ Շիզոֆրենիայով տառապող անձանց շուրջ 70 տոկոսն իրենց կյանքում ինչ-որ մի պահի ձայներ է լսում։



© NEWS.am Medicine