Յուղոտ արագ սնունդը բարձրացնում է 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը

21:00   9 սեպտեմբերի, 2017

Բավական է մեկ օր սնվել յուղոտ մթերքով, որպեսզի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանա, իսկ ինսուլինի նկատմամբ զգայունությունը նվազի։ Հայտնի է, որ այդ փոփոխությունները 2-րդ տիպի դիաբետի հետ են կապված եւ կարող են բարձրացնել դրա առաջցման հավանականությունը։ Այս մասին զգուշացնում են Լաֆբորոյի համալսարանի գիտնականները։

Նրանց իրականացրած գիտափորձին 15 առողջ երիտասարդ է մասնակցել։ Մեկ օրվա ընթացքում նրանք ճարպերի եւ կալորիաների բարձր պարունակությամբ սննդակարգի են հետեւել։ Այն ներառել է երշիկի տարբեր տեսակներ, խոզապուխտ, ձվածեղ, պանիր, տավարի մսով բուրգեր եւ չիզքեյք։ Գիտափորձից առաջ եւ հետո կամավորները գլյուկոզայի հանդեպ տոլերանտության թեստ են հանձնել։ Գիտնականները գնահատել են նաեւ շաքարի, թթուների եւ ինսուլինի նկատմամբ մասնակիցների զգայունությունը։

Գիտափորձը ցույց է տվել, որ յուղոտ սնունդ օգտագործելու դեպքում մեկ օրվա ընթացքում կամավորների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել է։ Բացի այդ՝ նրանց մոտ զգալիորեն նվազել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Այսինքն՝ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունն աճել է։ Ինսուլինի նկատմամբ ցածր զգայունությունը նաեւ արյունատար անոթների վնասման, ճարպակալման, արյան ճնշման բարձրացման եւ նույնիսկ քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման վտանգ է պարունակում:

Սակայն հետաքրքիր է, որ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ ճարպոտ մթերքներով հարուստ սննդակարգը երկարացնում է կյանքի տեւողությունը։



© NEWS.am Medicine