«Օձ-աղջիկը» 6 շաբաթը մեկ անգամ «փոխում է կաշին» (ֆոտո)

16:57   9 սեպտեմբերի, 2017

Հնդկաստանից 16-ամյա Շալինի Յադաբը 6 շաբաթը մեկ անգամ մաշկը փոխում է։ Նա տառապում է էրիթրոդերմիա կոչվող հազվագյուտ հիվանդությամբ, որն ամեն ժամ մաշկի մշտական խոնավեցում եւ լոգանք է պահանջում։ Առանց դրա աղջկա մաշկը սկսում է կոշտանալ։

Շալինիի հարազատները շատ աղքատ են եւ աղջկան բուժելու միջոցներ չունեն, իսկ առանց բուժման աղջիկը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի եւ նույնիսկ ուղղվել: Սակայն երբ նրա պատմությունը հայտնվել է համացանցում, Իսպանիայից բժիշկները համաձայնել են անվճար զբաղվել նրա բուժմամբ։ Էրիթրոդերմիան մաշկի բորբոքային հիվանդություն է, որը հայտնի է նաեւ կարմիր մարդու համախտանիշ անվամբ։

Հնդկաստանում բժիշկներն արագ են ախտորոշել այդ հիվանդությունը, սակայն չեն կարողացել արդյունավետ բուժել։ Հիվանդության պատճառով մաշկը թեփոտվում է եւ «պլոկվում»։ Ծնված օրից յուրաքանչյուր 45 օրը մեկ 16-ամյա Շալինին օձի նման «կաշին փոխում է»։ Նա գիշեր-ցերեկ ամեն ժամ պետք է լոգանք ընդունի եւ յուրաքանչյուր երեք ժամը մեկ հատուկ քսուք քսի մաշկին՝ ավելորդ չորությունը կանխելու համար։

Էրիթրոդերմիան մաշկային հազվագյուտ հիվանդություն է, որն ախտորոշվում է յուրաքանչյուր 300 000 մարդուց մեկի մոտ։ Հիվանդի մաշկը վառ կարմիր է դառնում, դրա վրա սպիտակ եւ մարմնագույն բծեր են հայտնվում։ Անբուժելի խանգարումը սովորաբար կյանքի առաջին մի քանի օրում է ախտորոշվում եւ շատերին ուղեկցում է ամբողջ կյանքում։ Հիվանդության պատճառը գենետիկ կամ ժառանգական անոմալիան է, որը խախտում է մաշկի նորմալ փոփոխության գործընթացը։ Էրիթրոդերմիայով տառապող յուրաքանչյուր չորրորդ երեխան երկու անոմալ գեն է ժառանգում, յուրաքանչյուր ծնողից՝ մեկը, ինչն էլ հիվանդության պատճառ է դառնում։



© NEWS.am Medicine