Ինչո՞ւ Աֆրիկայում կանայք ավելի հազվադեպ են կրծքի քաղցկեղ ունենում

13:03   12 սեպտեմբերի, 2017

Նախկինում բազմաթիվ գիտնականներ կարծում էին, որ աֆրիկյան երկրների կանայք ավելի հազվադեպ են կրծքի քաղցկեղ ունենում, քանի որ նրանց մեծ մասը կրծկալ չի հագնում: Ավելի ուշ կրծկալի եւ քաղցկեղի միջեւ կապը հերքվեց, բայց հարցը բաց մնաց. ինչո՞ւ են Աֆրիկայում կանայք հազվադեպ բախվում կրծքի քաղցկեղի խնդրի:

Պատճառներից մեկը կարող է լինել դաշտանի քանակությունը, որը լինում է կանանց մոտ վերարտադրողական ամբողջ ժամանակահատվածում: Եվրոպացի եւ Ամերիկացի կանանց մոտ միջինը շուրջ 400 դաշտանային ցիկլ է լինում, Աֆրիկացի կանանց մոտ՝ ընդամենը 110 (քանի որ նրանք ավելի շատ երեխաներ են ունենում, իսկ հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ կնոջ հորմոնալ ֆոնը փոխվում է, դաշտան չի լինում):

Բացի այդ՝ համարվում է, որ փոքրաթիվ հղիության եւ կենսակերպի պատճառով Եվրոպայից եւ Ամերիկայից կանանց օրգանիզմում ավելի շատ էստրոգեն է արտադրվում: Կանացի այս հորմոնները մի կողմից կանանց պաշտպանում են սիրտ-անոթային հիվանդություններից, բայց մյուս կողմից կարող են մասնակցել կրծքի հյուսվածքներում չարորակ փոփոխությունների գործընթացներին: Կարծիք կա, որ էստրոգենների բարձր մակարդակը կարող է մեծացնել կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը:

Որոշ գիտնականների կարծիքով կրծքի քաղցկեղի զարգացման վտանգի վրա կարող է ազդել նաեւ կնոջ սննդակարգը: Սննդակարգում բուսական եւ բնական մթերքների գերակշռելու հետեւանքով աֆրիկուհիների մոտ կրծքի քաղցկեղի ցուցանիշները ցածր են: Եվրոպացի եւ ամերիկացի կանանց սննդակարգում մեծ քանակությամբ արդյունաբերական արտադրության մթերքներ կան՝ վնասակար ճարպերի, շաքարի եւ կալորիաների բարձր մակարդակով, իսկ նման սննդակարգը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ընդ որում՝ ոչ միայն կրծքի քաղցկեղի:

Կրծքի քաղցկեղը կանխարգելելու համար բազմաթիվ գիտնականները կանանց խորհուրդ են տալիս չհետաձգել հղիությունը, իսկ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան անպայման կրծքով կերակրել: Բացի այդ՝ խորհուրդ է տրվում հետեւել սննդակարգին եւ հնարավորինս քիչ վերամշակված եւ շատ բնական մթերքներ ուտել:



© NEWS.am Medicine