Տանից դուրս ծխելը նույնպես երեխաների առողջության համար վտանգավոր է. գիտնականներ

11:55   13 սեպտեմբերի, 2017

Ծխող ծնողներից շատերը կարծում են, որ պատշգամբում կամ փողոցում ծխելով իրենց երեխաներին ապահովագրում են ծխախոտի հասցրած վնասից: Սակայն գերմանացի գիտնականները պնդում են, որ սա ընդամենը մոլորություն է: Իրականում երեխաների համար վտանգավոր է նույնիսկ տանից դուրս ծխելը:

Գյոթինգենի համալսարանական հիվանդանոցի (Գերմանիա) թոքաբանության մանկաբուժական բաժանմունքի վարիչ Քրիսթիանե Լեքսը նախազգուշացնում է, որ ծնողները ծխախոտի ծխի հետ հագուստի, մազերի եւ մաշկի վրա հայտնված վտանգավոր մասնիկներ են տարածում: Երեխաներն այս մասնիկները շնչում են, երբ խաղում են ծնողների հետ: Այդ պատճառով նույնիսկ տանից դուրս ծխող ծնողների երեխաներն ավելի հաճախ են տառապում ասթմայով եւ բրոնխիտով:

Ուռուցքաբանության գերմանական կենտրոնից բժիշկ Քաթրին Շալլերը հիշեցնում է, որ ծխախոտի ծուխը պարունակում է 4 հազարից ավելի քիմիական նյութեր, որոնցից ոչ պակաս 200-ը մարդու համար վտանգ են ներկայացնում: Երեխաները հատուկ ռիսկի խմբում են, քանի որ նրանց իմունային համակարգն ավելի թույլ է, քան մեծահասակներինը:

Հանովերի Բժշկական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Գեզինե Հանսենը հայտնել է, որ փողոցում ծխող մարդկանց տներում նույնպես նիկոտինի բարձր խտություն է հայտնաբերվում: Փոքրահասակ երեխաները դարձյալ ռիսկի խմբում են, քանի որ նրանք հաճախ են բերանը տանում տարբեր առարկաներ՝ այդպիսով նիկոտին «ուտելով»:

Ծխող ծնողներին, որոնք չեն կարողանում այս սովորությունից հրաժարվել, պրոֆեսորը խորհուրդ է տալիս ծխելիս բաճկոն հագնել եւ գլխարկ դնել, որոնք կհանեն բնակարան վերադառնալիս: Այսկերպ ծուխը չի ընկնի տնային հագուստի եւ մազերի վրա, իսկ երեխաների համար վտանգը զգալիորեն կնվազի:



© NEWS.am Medicine