Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կարող է գործարկվել առաջիկա 5 տարիների ընթացքում

15:14   13 սեպտեմբերի, 2017

Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կգործարկվի աստիճանաբար առաջիկա 5 տարիների ընթացքում։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Նրա խոսքով՝ մասնագետներն ուսումնասիրել են այլ երկրների փորձը եւ համոզվել, որ երկարաժամկետ հեռանկարում ավելի արդյունավետ է պարտադիր ապահովագրության նման նորամուծությունների կիրառումը։ Հարավային Կորեայում, օրինակ, բժշկական ապահովագրությունը շատ դանդաղ է գործի դրվել՝ 20 տարվա ընթացքում։ Հայաստանում ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ կարելի է հիմնվել այլ երկրների փորձի վրա։

Որպես բացասական օրինակ՝ Դավիթ Մելիք–Նուբարյանը խոսեց Ղազախստանի մասին, որտեղ ապահովագրությունը շատ դանդաղ սկսեց կիրառվել, քանի որ առողջապահական համակարգը դեռեւս պատրաստ չէր նման լուրջ փոփոխությունների։ Նրանք ստիպված էին հրաժարվել ապահովագրությունից։

Մելիք–Նուբարյանի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից բժշկական ապահովագրությունը կգործի 100 հազար պետական ծառայողի համար, իսկ եկող տարվանից՝ 612 հազար սոցիալապես անապահով մարդկանց համար։ Երկու դեպքում էլ ապահովագրության համար վճարելու է պետությունը։

Ավելի ուշ, եթե այդ փորձը հաջողված լինի, բնակչության նոր խավեր կընդգրկվեն առողջապահական համակարգում, սակայն ամսական/տարեկան վճարումներն իրենց ապահովագրության համար արդեն պիտի վճարեն քաղաքացիներն իրենք։

Դավիթ Մելիք–Նուբարյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում մեկ պետական ծառայողի համար պետությունը 40 հազար դրամ ապահովագրական վճարում կկատարի։ Սոցիալապես անապահով քաղաքացիների համար վճարումներն ավելի քիչ կլինեն, եւ նրանք բժշկական ծառայությունների այլ փաթեթ կստանան։ Այսպես թե այնպես, պարտադիր բժշկական ծառայությունը կծածկի հիվանդանոցային ծառայությունների մեծ մասը, իսկ ապագայում՝ նաեւ օնկոլոգիական հիվանդությունների ծախսերը, որոնք այսօր մասնավոր ապահովագրական ընկերությունները, որպես կանոն, չեն ծածկում։

Երբ պարտադիր բժշկական ապահովագրությունը սկսի գործել բոլորի կամ ճնշող մեծամասնության համար, պետպատվերի համակարգը կվերանայվի եւ կփոփոխվի, նշեց մասնագետը։ Կմնան միայն պետպատվերի որոշ ծրագրեր, օրինակ, պետբյուջեից կվճարվի  հեմոդիալիզը, ինչպես որ դա արվում է ԱՄՆ–ում։



© NEWS.am Medicine