Ռուսաստանը եւ Ուկրաինան կեղծ դեղամիջոցների գլխավոր արտադրողներն են. փորձագետ

23:44   14 սեպտեմբերի, 2017

Այսօր Եվրասիայի  տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների գլխավոր արտադրողները մնում են Ռուսաստանն ու Ուկրաինան: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Սանոֆի ընկերության Եվրասիայի անվտանգության հարցերով տարածաշրջանային տնօրեն Յուրի Օրլովը:

Նրա խոսքով՝ երբեմն տարածաշրջանում հայտնաբերվում են Հնդկաստանում, Պակիստանում եւ Չինաստանում  արտադրված կեղծ դեղամիջոցներ, բայց այնուամենայնիվ,  դեղամիջոցների մեծ մասը արտահանվում են Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Հետաքրքիր է, որ Օրլովի խոսքով՝ վերջին 8 տարվա ընթացքում Հայաստանում չի հայտնաբերվել Սանոֆի ընկերության ոչ մի կեղծ դեղամիջոց։

Իր հերթին ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գիտական կենտրոն տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ կեղծում են հիմնականում թանկարժեք դեղերը. անիմաստ է արտադրել կեղծ դեղամիջոց, որն արժե ընդհամենը 100 դրամ, դրա փոխարեն հայտնի կազմակերպությունների թանկարժեք դեղերի կեղծումը (հաճախ ուռուցքաբանության  մեջ օգտագործվող դեղեր) կարող է մեծ շահույթ բերել:

Օրլովի խոսքով՝ ոչ մի երկիր ապահովագրված չէ շուկա մուտք գործող կեղծ դեղամիջոցներից: Սակայն այս դեղամիջոցների դեմ  պայքարը կարող է լինել շատ արդյունավետ եւ դժվարացնել կեղծարաների կյանքը, եթե ներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ Առողջապահության նախարարությունը, արտադրողները, ոստիկանությունը եւ մաքսատունը:



© NEWS.am Medicine