Պետությունը մեզ պատշաճ աջակցություն չի ցուցաբերում. զինվորական հաշմանդամ

22:26   15 սեպտեմբերի, 2017

Ծառայության ընթացքում վիրավորված զինվորականներին ժամանակ առ ժամանակ մեդալներով են պարգեւատրում, սակայն այս մարդիկ պետության կողմից ավելի լուրջ աջակցության կարիք ունեն: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ահարոն Հարությունյանը:

1995 թվականին Ահարոն Հարությունյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել՝ դիպուկահարը կրակել էր նրա կոկորդին: Ահարոնը, որն այդ ժամանակ 20 տարեկան էր, մի քանի ամիս անցկացրել է զինվորական հոսպիտալում, որտեղ մի քանի վիրահատության է ենթարկվել: Այնուհետեւ նա վերականգնողական բուժում է ստացել Կարմիր խաչի կենտրոնում: Ահարոնը վնասվածքի հետեւանքով մինչ օրս չի կարողանում ոտքերը շարժել, դրանք չի զգում, բայց փոխարենը կարող է պառկած դիրքով բարձրացնել 70-80 կգ ծանրաձողը: Նա այսպիսի արդյունքի է կարողացել հասնել համառ աշխատանքի եւ վերականգնող բժիշկների օգնության շնորհիվ:

Ահարոնն ամեն տարի եղել է Կարմիր խաչի կենտրոնում, սակայն հիմա վերականգնողական բուժում ստանալու կարգն այնտեղ զգալիորեն բարդացրել են, ինչն իր հերթին բարդացրել է հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերի կյանքը:

Ահարոն Հարությունյանը ղեկավարում է հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպության Վայոց ձորի բաժանմունքը: Կազմակերպությունը մեծ թվով հաշմանդամ մարդկանց՝ ե՛ւ զինվորական, ե՛ւ քաղաքացիական, հնարավորություն է տալիս աշխատել եւ հետաքրքիր զբաղմունքի հասանելիություն ունենալ. նրանք սպորտային թիմ ունեն, երգչախումբ, եւ այս ամենը գործում է առանձին բարերարների եւ նրանց աջակցության շնորհիվ: Օրինակ՝ երգչախմբի պարապմունքների համար դաշնամուրը հովանավոր է գնել: Հարությունյանի խոսքով՝ եթե համանման կազմակերպությունները մշտական ֆինանսավորում ունենան, կկարողանան ավելին անել, քան հիմա են անում:

Մեքենան, որն այնպես է պատրաստվել, որ հաշմասայլակում գտնվող մարդիկ դրանից ավելի հարմար օգտվեն, նույնպես ԱՄՆ-ից հովանավոր է նվիրել: Վերջին 2 տարիներին այս մեքենայով երթեւեկել է Ահարոնը, որն ամեն օր դրանով տեղափոխել է իր քաղաքում բնակվող այլ հաշմանդամների:

Վերջերս Ահարոն Հարությունյանն այս մեքենայով վթարի է ենթարկվել եւ ոտքի, կողոսկրերի ու ձեռքի 6 կոտրվածք ստացել: Մեքենան եւս սաստիկ վնասվել է, եւ հիմա Ահարոնն ու հաշմասայլակով տեղաշարժվող շատերը լուրջ խնդիրների են բախվել, քանի որ քաղաքային տրանսպորտն իրենց չի հարմարեցված:

Մեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 1 մլն դրամ, որը հայթայթելը Ահարոնի եւ հասարակական կազմակերպության համար բավականին դժվար է:

Մեքենայի նորոգման գործում օգնել ցանկացողները կարող են ցանկացած չափի գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին՝

AMD 16016016209704

USD 16016016209705

EUR 16016016209706

RUR 16016016209707



© NEWS.am Medicine