Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից. ՀՀ ԱՆ պարզաբանումը

19:31   20 սեպտեմբերի, 2017

Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ինչպես բազմաթիվ անգամ տարբեր լրատվամիջոցներով տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Այդպիսով շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։

Սոցփաթեթի շրջանակում սպասարկվելու համար այլևս անհրաժեշտություն չի լինի առողջության առաջնային օղակից ուղեգիր վերցնելու։ Բավական է անձնագրով այցելել նախընտրած բժշկական   կազմակերպություն։ Իսկ ID քարտերի անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է, նախատեսվում է 2018թ. հունվարի 1-ից», – ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյացել, քանի որ սոցփաթեթի շահառուները պետք է պարտադիր ID քարտ ձեռք բերեն, իսկ վերջնաժամկետ է սահմանել հոկտեմբերի 1-ը։

 

 



© NEWS.am Medicine