Նախնական տվյալով՝ սնունդ առաքողը եղել է դիզենտերիայով հիվանդ. նախարարը՝ Գորիսում դպրոցականների թունավորման մասին

15:58   22 սեպտեմբերի, 2017
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունում է, որ Հայաստանյան դպրոցների ճաշարաններում սանիտարահիգիենիկ վիճակը մեղմ ասած բարվոք չէ:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Մկրտչյանը նշեց, որ կան դպրոցներ, որոնց ճաշարանները չունեն սառնարաններ, գազօջախներ եւ չեն կարողանում վերահսկել տաք սննդի որակը:

«Պարենի համաշխարհային կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայումս այդ հարցն ենք ուսումնասիրում: Մեր գործընկերներն ասում են՝ ավելի լավ է երեխային շաքարով բուլկի չտալ, քան տալ նման սնունդ: Ինչ վերաբերում է Գորիսի դեպքին, չճշտված նախնական տվյալներով, սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով, Վորլդ Վիժնը նույնպես ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ ավագ դպրոցում սովորողներից շատերի մոտ աղիքային խնդիրներ կան, քանի որ տարրական դասարաններում տաք սնունդ չեն ստացել:

Նշենք, որ Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն էր դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում:  Եւս 11 երեխա ստանում են ամբուլատոր բուժում։

Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, լաբորատոր հետազոտությամբ նմուշներում հայտնաբերվել է շիգելլա զոննե (դիզենտերիա) աղիքային ցուպիկը։



© NEWS.am Medicine