Սոցփաթեթով բժշկական ծառայությունների նոր համակարգում մեծ դեր է տրվում ֆինանսական հաշտարարին․ փոխնախարար

21:38   22 սեպտեմբերի, 2017

Ապահովագրական ընկերությունների միջոցով սոցիալական փաթեթով բժշկական ծառայությունների մատուցման նոր համակարգում մեծ դեր է տրվում ֆինանսականհաշտարարին։ Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է  առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը՝  ներկայացնելով սոցիալական փաթեթի շրջանակում բժշկական օգնության նոր կարգը, որը ուժի մեջ կմտնի 2017 թ. հոկտեմբերից:

Առողջապահության նախարարությունը  բոլոր այն ապահովագրական ընկերություններին, որոնք ներգրավված են դրանում, պարտավորեցրել է համաձայնագիր կնքել ֆինանսական հաշտարարի հետ այն մասին, որ նրանք հրաժարվում են դատարանում հաշտարարի որոշումների դեմ բողոքարկելու իրենց իրավունքից, ասաց նա։

Բացի այդ, Սամվել Մարգարյանը նշել է, որ համակարգում ներդրված է մոտիվացիայի մեկ այլ մեխանիզմ`հաշվի առնելով ֆինանսական օմբուդսմենի դիմումների վիճակագրությունը,  ծրագրում  ապահովագրական ընկերության կշիռը կնվազի կամ կաճի:

«Այսինքն, եթե որոշակի X ընկերության դեմ բողոքների թիվը միջինից բարձր է, ապա այն  կկորցնի  հիվանդների որոշակի Y քանակ, եւ դրանք կփոխանցվեն ապահովագրական ընկերությանը, որն, ըստ այդ օբյեկտիվ վիճակագրության,  ավելի լավ է աշխատում», - ասել է նա:

Այսպիսով, ապահովագրական ընկերության աշխատանքից դժգոհ լինելու դեպքում կարելի է դիմել Առողջապահության նախարարությանը եւ ֆինանսական հաշտարարին, ինչպես նաեւ անձը կարող է հրաժարվել տվյալ ապահովագրական ընկերությունից եւ հաջորդ տարի այն կփոխանցվի մեկ այլ ընկերության։

Փոխնախարարը հավատացրել է, որ փաթեթը մշակվել է այնպես, որ չկան տարընթերցումներ, եւ ապահովագրական ընկերությունները չեն կարողանա մերժել հաճախորդների անհրաժեշտ բժշկական ծառայությունների վճարումը: Բացի այդ, նա ասել է, որ ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն հաճախորդներին այս կամ այն բժշկական հաստատություններ ուղորդել: «Հաճախորդը պետք է ապահովագրական ընկերությանը դիմի ոչ թե բժշկական հաստատություն գնալու թույլտվության, այլ իր որոշման մասին տեղյակ պահելու համար», - ասել է նա:

Ինչ վերաբերում է համավճարի հարցին կամ ապահովագրական ընկերությունների կողմից թանկ վիրահատությունները ֆինանսավորելուց հրաժարվելուն, Մարգարյանը նշել է, որ սոցիալական փաթեթի շահառուն իրավունք ունի տարեկան 10 միլիոն դրամի բժշկական ծառայություն ստանալ, եւ այդ գումարը ծածկում է գրեթե բոլոր թանկարժեք վիրահատությունները, ստենտավորումը, շունտավորումը եւ էնդոպրոթեզավորումը ներառյալ։

Նա նաեւ նշել է, որ միամիտ է կարծել, թե կլինեն ապահովագրական ընկերություններ, որոնք փորձեն կրճատել բժշկական ծառայությունների ֆինանսավորումը,  քանի որ ժամանակին չվճարելու պարագայում հետագայում ավելի մեծ ծախսեր կարող են ունենալ։



© NEWS.am Medicine