Էպիլեպսիայի դեմ դեղամիջոցները բարձրացնում են կոտրվածքների ռիսկը երեխաների մոտ

14:28   25 սեպտեմբերի, 2017
Հակաէպիլեպսիկ դեղամիջոցների ընդունումը բարձրացնում է կոտրվածքների հավանականությունը երեխաների ու դեռահասների մոտ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Epilepsia ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են 5-18 տարեկան 23 կամավորներ, որոնք առնվազն 12 ամսվա ընթացքում ընդունել են էպիլեպսիայի դեմ դեղամիջոցներ ։ Հսկիչ խմբում ընդգրկվել են երկվորյակները, կամավորների հարազատ քույր-եղբայրները կամ զարմիկ- զարմուհիները, որոնք այդ դեղամիջոցը չեն ընդունել։
Գիտնականները հայտնաբերել են, որ հակաէպիլեպսիկ դեղամիջոցներ ընդունած մասնակիցներն ավելի հաճախ էին ստանում կոտրվածքներ՝ հսկիչ խմբի համեմատ։ Նաեւ հետազոտությունը ցույց է տվել, որ էպիլեպսիայի դեմ դեղամիջոցները նվազեցնում էին ոսկորների հանքային խտությունը ու թուլացնում վերջույթների մկանները, ինչն էլ հենց հանգեցնում էր կոտրվածքների։
Մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, ավելի լավ հասկանալու համար այդ դեղամիջոցների ու ոսկորների առողջության միջեւ կապը։
Նշենք, որ Լիվերփուլի ու Մանչեսթերի համալսարանների հետազոտողները նախազգուշացնում են, որ հղիության ժամանակ որոշ հակաէպիլեպսիկ միջոցների ընդունումը բարձրացնում է բնածին արատներով երեխայի ծնունդը։


© NEWS.am Medicine