Ինչու՞ Ռուսաստանում դեռ պարտադիր չէ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը

15:32   26 սեպտեմբերի, 2017

Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում պատվաստումներին, եւ պատվաստումների օրացույցը ամեն տարի ընդլայնվում է, սակայն աղջիկների համար արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստում դեռ չկա: Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան՝ պատասխանելով մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման արդյունավետության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին հարցին:

Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր ուսումնասիրել է միջազգային փորձը եւ առայժմ դեռ չկան տվյալներ, որ պատվաստված աղջիկների մոտ հետագայում քաղցկեղ չի առաջանա:

«Դուք ինքներդ հասկանում եք, որ 13 տարեկան աղջիկների դեպքում պետք է 20-30 տարի սպասել, տեսնելու համար, քաղցկեղ կձեւավորվի, թե ոչ», - ասել Վերոնիկա Սկվորցովան՝ ավելացնելով, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը մասնավոր կարգով է գրանցված Ռուսաստանում:

«Մեզ մոտ ցանկության դեպքում կարելի է պատվաստվել: Էական բացասական հետեւանքներ, որքան ինձ հայտնի է, չեն գրանցվել», - ասել է նա:



© NEWS.am Medicine