Իշամեղվի խայթոցը 45-ամյա տղամարդու համար սրտի ընդարձակ կաթվածի պատճառ է դարձել

10:37   28 սեպտեմբերի, 2017

Մարդկանց մեծ մասի համար իշամեղվի խայթոցները պարզապես փոքր անախորժություններ են։ Բայց Մեծ Բրիտանիայի 45-ամյա բնակչի համար իշամեղվի խայթոցը սրտի ընդարձակ կաթվածի պատճառ է դարձել։ Այս դեպքի մասին հայտնում է BMJ Case Reports ամսագիրը։

Միջատի թույնի նկատմամբ տղամարդու օրգանիզմում սկսվել է ծանրագույն ալերգիկ ռեակցիա, որը հայտնի է որպես Կոունիսի ախտանիշ։ Չնայած շատերը գիտեն այն մասին, որ ծանր ալերգիան ուղեկցվում է մահացու վտանգավոր անաֆիլակտիկ շոկով, որից խանգարվում է շնչառությունը, բայց համեմատաբար քչերը գիտեն այն մասին, որ այդ ալերգիաները կարող են նաեւ ինֆարկտի պատճառ դառնալ։ Մինչդեռ նման դեպքեր նույնպես պատահում են, չնայած ոչ այնքան հաճախ։

Իշամեղվի խայթոցը տեղի է ունեցել 14։30-ին, երբ տղամարդն իր ֆուրգոնն էր նստում։ Բառացիորեն մի քանի ակնթարթից նա զգացել է գլխապտույտ ու քոր ամբողջ մարմում։ Մի քանի րոպեից նրա մաշկին հայտնվել է կարմիր ցան, իսկ 10 րոպեից՝ արտասովոր զգացողություններ ձախ ձեռքի վրա։ Նա տարօրինակ ծանրություն է զգացել ու բութ ցավ, որն ուսին էր փոխանցվում։ Արդեն տանը՝ երեք ժամ անց տղամարդը սկսել է զգալ, որ դողում է ու քրտնում։ Նա իր զուգընկերուհուն գանգատվել է իր թույլ ու լեթարգիական վիճակից։ Կինը շտապ օգնություն է կանչել 17։52-ին։ Այդ ժամանակ ձեռքի ցավն արդեն տարածվել էր մեջքի վրա։

Բուժհաստատություն տեղափոխվելուց հետո հիվանդը կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ընդարձակ կաթված։ Կա տեսակետ, որ դրա պատճառը երակներում առկա գնդիկներ են եղել, որոնք ուժեղ ալերգենի ներգործության պատճառով արգելափակել են արյան ներհոսքը դեպի սիրտ։ Սկզբում բժիշկները չեն կասկածել, որ տղամարդուն իշամեղու է խայթել, բայց հետագայում հաստատվել է, որ կաթվածի պատճառը հենց միջատի թույնն է եղել։

Տղամարդու անոթը լայնացրել են հատուկ ստենտի օգնությամբ։ Նա նաեւ ալերգիայի դեմ բուժում է ստացել։ Բժիշկները նրան խորհուրդ են տվել միշտ իր մոտ պահել ալերգիայի դեմ հատուկ գրիչ-ներարկիչ՝ այն դեպքերի համար, եթե նրան երբեւէ նորից խայթի որեւէ միջատ։



© NEWS.am Medicine