ԵՊԲՀ–ում կանցկացվի Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովը

18:17   27 սեպտեմբերի, 2017
ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի 20-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 29-ին, 30-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի մեծ դահլիճում:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև ճանաչված դասախոսներ և բժիշկներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից:

Ընտանեկան բժշկության 5-րդ Գիտաժողովի առանցքային թեմաներն են՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, սիրտ-անոթային համակարգի հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների ամենօրյա աշխատանքում հաճախադեպ այլ խնդիրներ: Հատկապես կարևորվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 300 բժիշկներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից:

Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին կհանձնվեն համապատասխան վկայագրեր:

 



© NEWS.am Medicine