Հայ մասնագետները վստահ չեն Վրաստանում տեղադրվող ստենտների որակի հարցում

17:43   29 սեպտեմբերի, 2017

Ստենտավորումը ու սրտի որոշ այլ վիրահատություններ, որոնք կատարվում են հարեւան երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, ավելի էժան են, քան Հայաստանում, սակայն անհայտ է, թե ինչ արտադրության ստենտներ են այնտեղ օգտագործվում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ անհայտ է ու ոչ միշտ է հաջողվում պարզել, թե հատկապես ինչ ստենտներ են տեղադրում այլ երկրներում վիրահատվող հիվանդներին։

«Այսօր կան բազմաթիվ տարբեր ստենտներ՝ տարբեր որակի, տարբեր արտադրության, երբեմն առհասարակ անհայտ ծագման։ Ես չեմ կարող հավաստիացնել, որ այն ստենտները, որոնք նրանք օգտագործում են, որակյալ են, ու նաեւ չեմ կարող վստահեցնել, որ նրանք այդ բուժման կարգն անում են այնպես, ինչպես մեզ մոտ»,- ասել է սրտաբանը։

Համլետ Հայրապետյանը նաեւ նշեց, որ այն հիվանդները, որոնց վիրահատում են այլ երկրներում, վիրահատությունից անմիջապես հետո վերադառնում են հայրենիք ու նրանց վիրահատած կլինիկան ոչ մի պատասխանատվություն չի կրում արված աշխատանքի, դրա արդյունքների ու հիվանդի վիճակի համար։ Այդ հիվանդները շարունակում են մնալ հայ բժիշկների հսկողության տակ ու եթե նրանք որեւէ խնդիր կամ բարդացում են ունենում, նրանցով դարձյալ հայ բժիշկներն են զբաղվում։

«Մեր կլինիկա պարբերաբար դիմում են հիվանդներ, որոնց Վրաստանում են վիրահատել ու որոնց մոտ խնդիրներ են սկսվել։ Արդեն մենք ենք ստիպված լինում բուժել նրանց ու հսկողության տակ պահել»,- նշեց Համլետ Հայրապետյանը։

Նա հավելեց, որ այն կլինիկաները, որոնք Հայաստանում ստենտավորում են իրականացնում, պատասխանատու են իրենց աշխատանքի համար։ Եթե, օրինակ,  Stent For Life ծրագրի շրջանակում ստենտավորում անցած մարդու մոտ 6 ամսվա ընթացքում ստենտի հետ որեւէ խնդիր է առաջանում, ապա կլինիկան իր հաշվին է կատարում բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները։



© NEWS.am Medicine