Նախաճաշից հրաժարվելը կարող է վտանգավոր լինել սրտի համար․ հետազոտություն

10:46   4 հոկտեմբերի, 2017

Նախաճաշելու սովորությունը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու ինֆարկտի զարգացման հավանականությունը, իսկ նախաճաշից հրաժարվելը կարող է վտանգավոր լինել սրտի համար, հավաստիացնում են սրտանոթային հիվանդությունների Carlos III կենտրոնի (CNIC, Իսպանիա) գիտնականները։

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ նախաճաշը պետք է բավականաչափ կալորիական ու սննդարար լինի։ Եթե կանոնավոր կերպով նախաճաշեք՝ վտանգավոր անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը կնվազի։ Իսկ նախաճաշից հրաժարվելը կամ  ոչ լիարժեք նախաճաշելն էլ իր հերթին կարող է նպաստել անբարենպաստ պրոցեսներին անոթային հյուսվածքներում։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ մարդիկ, ում նախաճաշը ամենօրյա գործածման համար անհրաժեշտ կալորիաների 5 տոկոսից քիչ է պարունակում, միջինը  կրկնակի շատ են վտանգված աթերոսկլերոտիկ ախտահարումների տեսակետից։  

 Գիտնականները նաեւ հավաստիացնում են, որ հենց առողջ սննդակարգի անտեսումն է վերջերս դարձել սրտանոթային հիվանդությունների առաջատար պատճառը։ Սրտամնկանի առողջությանը սպառնացող  «դասական» գործոնները՝ ինչպիսիք են ծխելը, խոլեստիրինի բարձր մակարդակը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, երկրորդ պլան են մղվել՝ անառողջ սննդակարգի ազդեցության համեմատ։  



© NEWS.am Medicine