Կանայք աշխատավայրում ամեն տարի 100 800 ավելորդ կալորիա են օգտագործում. հետազոտություն

10:45   7 հոկտեմբերի, 2017

Աշխատավայրում կանայք հաճախ են ուտում վնասակար բարձրկալորիական մթերքներ, որոնք տարեկան նրանց համար 100 800 ավելորդ կալորիա են ապահովում: Այս կալորիաների պատճառով կանայք տարեցտարի գիրանում են:

Դանիայի հետազոտողները հարցում են անցկացրել 1000 կանանց շրջանում, որով պարզվել է, որ աշխատավայրում ձեռքի հետ ուտելու հետեւանքով կանայք շաբաթական օգտագործում են միջինը 2240 ավելորդ կալորիա, իսկ տարեկան այն կազմել է արդեն 100 800, պարզել են բժիշկները: Հիշեցնենք, որ 8000 ավելորդ կալորիան  ճարպի 1 կգ է դառնում:

Գիտնականները նշել են, որ շատ կանանց թուլությունը չիփսերն են: Հարցման մասնակիցները տարեկան կերել են միջինը 135 փաթեթ: Կանանց 45 տոկոսն աշխատավայրում չիփսի գաղտնի պաշար է ունեցել, 39 տոկոսը՝ թխվածքաբլիթի:

Մասնագետների խոսքով՝ կանայք հոգնածության, սթրեսի կամ ձանձրանալու պատճառով են աշխատավայրում ձեռքի հետ ուտում: Սովորաբար դա արվում է 10:30-ի եւ 15:30-ի միջակայքում: Ուրբաթ եւ երկուշաբթի դիտվել է կերած քաղցրեղենի ամենաբարձր մակարդակը:

Հարցման մասնակիցները տարվա ընթացքում վերացրել են 135 հատ թխվածքաբլիթ, տորթի 90 կտոր, քաղցրեղենի 90 փաթեթ, 45 փքաբլիթ, ընկույզի 45 փաթեթ եւ նույնքան փաթեթ քաղցր չիր: Դրան ավելացրած կանայք կաթով քաղցր սուրճ են խմել, գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներ, ինչպես նաեւ օգտագործել են տարբեր ուտեստներ, որոնցով նրանց գործընկերները հյուրասիրել են:

«Յուրաքանչյուր 5-րդ կինը ձեռքի հետ ուտելուց չի կարողացել հրաժարվել կամքի ուժի բացակայության պատճառով: Յուրաքանչյուր 10-ից 3-ին ուտել է ստիպել ձեռքի տակ եղած կերակուրի առկայության փաստը: Նույնքան մարդ էլ ասել է, թե կյանքը չափից ավելի կարճ է, ուստի չարժի հրաժարվել ձեռքի հետ ուտելու հաճույքից»,- նշել են մասնագետները:



© NEWS.am Medicine