ԱՆ աշխատակիցների երեխաները եւ թոռները առաջինը կստանան Գարդասիլ պատվաստանյութը

16:38   6 հոկտեմբերի, 2017

Հայաստանի Առողջապահության նախարարության ղեկավար կազմի երեխաները եւ թոռներն առաջին կպատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ: Սա կօգնի ապացուցել Գարդասիլ քառավալենտ պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը: Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նախարարի խոսքով՝ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում օգտագործվում է արդեն 10 տարի, սակայն մինչեւ հիմա այն վճարովի էր. 2-3 պատվաստման կուրսը մոտ 300 դոլար արժեր, այդ պատճառով այն ստանալ ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չէր: Այդուհանդերձ, այս տարիների ընթացքում պատվաստվել է մոտ 1500-2000 ցանկացող, եւ նրանցից ոչ մեկի մոտ պատվաստումից հետո ծանր կողմնակի էֆեկտներ չեն նկատվել:

Խոսելով պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին, որոնք գրանցվել են ԱՄՆ-ում, նախարարը նշեց, որ այնտեղ Food and Drug Administration-ն է գրանցել բոլոր կողմնակի ռեակցիաները եւ խնդիրները, որոնք հիվանդների մոտ երեւան են եկել պատվաստումից հետո, եւ միայն հետո են պարզել՝ արդյոք այս խնդիրները կապված էին պատվաստման հետ: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ում չի գրանցվել պատվաստման հետեւանքով մահվան կամ անպտղության դեպք: Եղել են պատվաստանյութի ներարկումից հետո երկարատեւ ցավեր ունենալու դեպքեր, որոնք, ինչպես հետո է պարզվել, ռեւմատոիդային արթրիտի հետեւանք էին, որի կապը պատվաստանյութի հետ անհնար էր ապացուցել:

«Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ վարունգ ուտող բոլորը արդյունքում մահանում են»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այս պատվաստանյութն առաջ մղելու համար երկիրը 170 000 դոլարի դրամաշնորհ է ստացել, որը պետք է ծախսվի բացատրական աշխատանքների, թրենինգների եւ այլնի համար:

Հիշեցնենք, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում կներդրվի ընթացիկ տարվա դեկտեմբերից: Արդեն առաջիկա 2 շաբաթներին նախատեսվում է սկսել բուժաշխատողների թրենինգները, նշեց նախարարը:



© NEWS.am Medicine