Լեւոն Ալթունյանը խոստացավ լուծել ուռուցքաբանության ֆինանսավորման հարցը

18:04   6 հոկտեմբերի, 2017

Այսօր Հայաստանի բյուջեում չկա այնքան գումար, որպեսզի պետությունը կարողանա հոգալ սոցիալապես անապահով վիճակում գտնվող ուռուցքային հիվանդների բուժման ծախսերը, սակայն, առաջիկայում լուծում կտրվի նաեւ այդ հարցին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Նա նշեց, որ այն հասարակությունում, որն անտեսում է առողջ ապրելակերպի կանոնները, այս թվում՝ ծխելու, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտության, մսամթերք եւ կաթնամթերք չարաշահելու արգելքները, ուռուցքային հիվանդությունների աճ է գրանցվում։

Ինչ վերաբերում է քաղցկեղի բուժմանը, ապա, ըստ նախարարի, միջին հիվանդի բուժման արժեքը հասնում է 20-30 հազար դոլարի։ «Բյուջեում այսօր այդքան գումար չկա։  Սակայն, մենք նախատեսում ենք ունենալ այդ գումարները՝ 3-5 տարվա հեռանկարով, երբ ամբողջությամբ կսկսեն գործել ապահովագրական ծրագրերը։ Մենք հույս ունենք, որ վճարունակ բնակչությունը ապահովագրական վճարների հաշվին կկարողանա ձեւավորել այն ֆոնդը, որից կօգտվի», - հայտնեց Լեւոն Ալթունյանը։

Նախարարը նշեց, որ այս քայլերով կտնտեսեն այն գումարները, որոնք այսօր ծախսվում են ամբողջ 3 միլիոն բնակչության համար, եւ դրանց միջոցով հնարավոր կլինի հոգալ անվճարունակ կամ սոցիալակապես ծանր վիճակում գտնվող բնակչության հոգսերը։



© NEWS.am Medicine